Համաշխարհային ֆուտբոլի աստղերի հավաքականը` լեգենդար Դիեգո Մարադոնայի գլխավորությամբ, մայիսի 11-ին կժամանի Գրոզնի` երկրի ներկայիս ղեկավար Ռամզան Կադիրովի հոր` Ահմադ-Հաջի Կադիրովի անվան մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով:
Չեչնիայի ղեկավարի և կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ աշխարհի թիմի կազմում կլինեն ինչպես ֆուտբոլի վետերաններ, այնպես էլ ներկայումս գործող հայտնի ֆուտբոլիստներ` Դիեգո Մարադոնան, Ալեն Բոգոսյանը, Ֆրանկո Բարեզին, Ալեսանդրո Կոստակուրտան, Լուիշ Ֆիգուն, Մանուել Ամորոսը, Ռոբերտո Այալան, Ռոբի Ֆաուլերը, Էնցո Ֆրանչեսկոլին, Սթիվ Մաքմանամանը, Ժան Պյեր Պապեն, Քրիստիան Վիերին, Իվան Սամարանոն, Ֆաբյեն Բարտեզն ու այլք:
Ընկերական հանդիպման ընթացքում համաշխարհային ֆուտբոլի աստղերի դեմ խաղալու համար Գրոզնի են հրավիրվել Ռուսաստանի հայտնի ֆուտբոլիստները: Նրանք մարզադաշտ դուրս կգան Չեչնիայի ղեկավարի գլխավորությամբ:
Մարզադաշտի բացման ծրագրում բազմաթիվ անակնկալներ են լինելու, խոստանում են կազմակերպիչները: Անակնկալներից մեկը լազերային շոուն է: Հանդիսությանը կմասնակցեն ռուսական ֆուտբոլի ղեկավարները, պրեմյեր-լիգայի ակումբների նախագահները, համաշխարհային ֆուտբոլի աստղեր ու սպորտի գործիչներ:
Մարզադաշտը նախատեսված է 30 000 հանդիսականի համար: Հենց այստեղ 2004 թվականի մայիսի 9-ին պայթյունի հետևանքով սպանվել է Ահմեդ Կադիրովը: