Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր տարածել է իր պատասխանը «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադևոսյանի հոդվածին, որը տպագրվել էր մայիսի 10-ին: «Տեղեկատվական վեճերի «միապետություն»» հոդվածում Արա Թադևոսյանն իր զարմանքն էր հայտնել նորաստեղծ Տեղեկատվական վեճերի խորհրդի կազմի ձևավորման կապակցությամբ` հիշատակելով ԵՄԱ նախագահի` քաղաքական ենթատեքստ ունեցող պատճառաբանությունը, որը, ըստ Թադևոսյանի, «այնքան անհեթեթ է հնչում, որ չեմ ցանկանում նույնիսկ մեջբերել»:
Ներկայացնում ենք Բորիս Նավասարդյանի «Թե ինչպես էր «Մեդիամաքսը» պաշտպանում էթիկան» անունը կրող պատասխանն ամբողջությամբ.
«Այս տողերն ավելի քան մեկ շաբաթ առաջ պիտի հրապարակվեին: Ճիշտն ասած՝ դրանք գրելը շատ տհաճ բան էր: Թերեւս դա էր պատճառը, որ իսկապես լինելով ծայրահեղ զբաղված՝ այդ գործն ամեն կերպ հետաձգում էի: Միաժամանակ, ստուգում՝ արդյո՞ք դա պատասխանելու վայրկենական ցանկություն չէր: Պարզվեց՝ ոչ: Համոզված եմ՝ թեման վաղեմության պատճառով չի կորցրել իր հրատապությունը:
2011 թվականի մայիսի 10-ին «Մեդիամաքս» տեղեկատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը հրապարակել էր «Տեղեկատվական վեճերի «միապետություն» հոդվածը (սյունա՞կը): Դրանում նա իր վրդովմունքն էր հայտնել այն առնչությամբ, թե իբր գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանին առաջարկված էր եղել անդամակցել 2011 թվականի մայիսի 1-ին ստեղծված՝ Տեղեկատվական վեճերի խորհրդին, սակայն պարզվել էր, որ Խորհրդի անդամների՝ հրապարակված ցուցակում նրա ազգանունը բացակայել էր: Ընդսմին, ինչպես գրում է Արա Թադեւոսյանը, դրա պատճառը եղել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի՝ «քաղաքական ենթատեքստ» ունեցող առարկությունը: Հոդվածագիրն այդ հարցում իր դժգոհությունն է հայտնում նաև Խորհրդի ստեղծման նախաձեռնողի՝ Մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմենի) դիրքորոշման և այդ մարմնի ստեղծման հանգամանքների վերաբերյալ:
Սկսենք այն բանից, որ «Մեդիամաքսի» տնօրենի հրապարակման ոչ մի պնդում չի համապատասխանում իրականությանը: Գործակալության կայքէջում հրապարակվել է Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) պաշտոնական հերքումն այդ առնչությամբ, որը, սակայն, ինչպես եւ հարկն է, շարադրված էր զուտ արձանագրային, հակիրճ տոնով: Եվ քանի որ բուն հոդվածում անմիջականորեն շոշափվում է նաեւ իմ անձնական հեղինակությունը, ես ինձ իրավունք եմ վերապահում առանձին պատասխան եւ մեկնաբանություններ տալ վերոհիշյալին:
Նախ, Դավիթ Ալավերդյանին՝ Խորհրդին անդամակցելու պաշտոնական առաջարկ չէր կարող արվել, քանի որ կազմի ընդլայնման հարցն, ինչպես հստակորեն նշված է մայիսի 1-ին տարածված համապատասխան Հուշագրում, որոշվում է հիմնադիր անդամների փոխադարձ համաձայնությամբ: Մինչդեռ հիմնադիրների մեծամասնությունը «Մեդիամաքսի» գլխավոր խմբագրի անդամակցության հարցը չի քննարկել և անգամ չի էլ իմացել նման թեկնածության գոյության մասին: Դավիթ Ալավերդյանի հետ ՏՎԽ քարտուղար Շուշան Դոյդոյանի զրույցը կարող էր լինել սոսկ մտադրությունների շրջանակներում, եւ տարբեր անձանց հետ Խորհրդի անդամների մի քանի նման խոսակցություններ կարող էին լինել (և եղել են): Ծաղկաձոր՝ ֆորումին հրավիրվելը, ուր և հայտարարվել էր նախաձեռնության մասին, նույնպես չէր կարող մեկնաբանվել որպես Խորհրդի անդամակցության հավաստում, քանի որ այդ միջոցառմանը հրավիրվել և մասնակցել են տասնյակ լրագրողներ:
Երկրորդ՝ ի դեպ, ավելի ուշ, Դավիթ Ալավերդյանին առնչվող մտադրությունների վերաբերյալ Շուշան Դոյդոյանի՝ ինձ՝ Բորիս Նավասարդյանիս, հետ տեղի ունեցած մասնավոր զրույցում որևէ «քաղաքական ենթատեքստ» չի եղել: Խոսվել է Խորհրդի ընդլայնման ընթացակարգի և այն մոտեցումների մասին, որոնք պետք է նկատի առնվեին թեկնածությունները քննարկելիս: Բնականաբար, այս զրույցի ընթացքում թեկնածություններից որեւէ մեկի վերաբերյալ որեւէ որոշում՝ ո´չ դրական, ո´չ էլ բացասական, չի´ կայացվել եւ չէ´ր կարող կայացվել:
Երրորդ՝ այդ ինչի՞ց ելնելով է Արա Թադեւոսյանը որոշել, որ ՏՎԽ մյուս անդամները «ենթարկվեցին դեռեւս չստեղծված Խորհրդի շարքային անդամի կարծիքին»: Նա ի՞նչ հիմքեր ունի ենթադրելու, որ հարգարժան մարդիկ՝ իրենց ասպարեզում հայտնի պրոֆեսիոնալները (արդեն հիշատակված՝ Տեղեկատվության ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանից բացի, «Ինտերնյուս-Եվրոպա»-ի տնօրեն Մանանա Ասլամազյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, իրավագետ, փաստաբան Արա Ղազարյանը), ովքեր վաստակել են անկախ, սեփական արժանապատվության զգացում ունեցող անձանց կայուն համարում, մեկ էլ հանկարծ ոչ սեփական կարծիք ունեն եւ ոչ էլ կարողանում են պաշտպանել այն: Միգուցե կոլեգիալ մարմնում նման բնույթի փոխհարաբերությունների առկայության մասին պատկերացումները «Մեդիամաքսի» տնօրենի մեջ ձևավորվել են տխրահռչակ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին անդամակցելու 10 տարիների ընթացքո՞ւմ:
Նորաստեղծ Խորհրդի անդամներին այս կերպ «իրենց տեղը դնելուց» հետո պասկվիլի (փաստերի՝ վերը բերված խեղաթյուրումները թույլ են տալիս հենց այդպես բնութագրել մեդիամաքսյան հրապարակման ժանրը) հեղինակն անցնում է Մարդու իրավունքների պաշտպանին. «(…) մեր («Մեդիամաքսի» – Բ.Ն.) իրավունքն է տեղեկացնել, որ Տեղեկատվական վեճերի խորհրդի ստեղծումը տեղի է ունեցել էթիկայի տեսակետից բավական վիճելի պայմաններում: Եվ այս մասին առաջին հերթին պետք է խորհի Պաշտպանը (Կարեն Անդրեասյանը – Բ.Ն.), որը պառակտված հասարակությանն իր անաչառությունն ապացուցելու դժվարին խնդիր ունի»: Պաթետի՛կ խոսք է. ի՞նչ կարող ես ասել։ Սակայն պաթոսին տրվելուց առաջ՝ Արա Թադեւոսյանին, ով իրեն համարում է փորձառու, վաստակաշատ լրագրող և իր ուսերին այլ հոգսերի հետ առել է նաեւ Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրենի պատասխանատու պարտականությունը, օգտակար կլիներ ծանոթանալ Խորհրդի ձևավորման փաստերին և հանգամանքներին:
Օմբուդսմենը հանդես է եկել Խորհրդի ստեղծման նախաձեռնությամբ և հինգ կոնկրետ անձանց առաջարկել դառնալ դրա հիմնադիրները: ՏՎԽ հետագա գործողությունները (ներառյալ, բնականաբար, նաև կազմի ընդլայնման խնդիրը), ըստ Կարեն Անդրեասյանի հրապարակային հայտարարության, բացառապես այդ մարմնի առանձնաշնորհն են: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջամտությունն էլ կսահմանափակվի՝ Խորհրդին բազմակողմանի օգնության տրամադրմամբ: Հետևաբար, թեկնածուների ընտրության հարցում ևս, ըստ այդմ, Պաշտպանը չէր կարող վճռորոշ դեր խաղալ: Խորհրդակցական նորաստեղծ մարմինն իր գոյության առաջին իսկ օրը հանդես եկավ իր գործունեության սկզբունքների մասին՝ վերը հիշատակված Հուշագրով: Խորհրդի ձևավորման մեխանիզմը պարզ է, իր ստանձնած առաքելությունը՝ նույնպես. առայսօր ՏՎԽ-ն ոչ մի որոշում չի կայացրել: Ուրիշ ի՞նչ «թափանցիկության» ( և ինչի՞ շուրջ) պակաս է զգում Արա Թադեւոսյանը:
Այս համատեքստում ծաղրանկարային են ընկալվում գործակալության տնօրենի այն խոսքերը, թե «շուկայում իր գործունեության 12 տարիների ընթացքում «Մեդիամաքսը» երբևէ չի խախտել ժուռնալիստական էթիկայի ոչ մի կանոն և մշտապես հանդես է եկել որակյալ լրագրությամբ»: Խոստովանում եմ՝ հաճախ չէ, որ առիթ եմ ունեցել կարդալու «Մեդիամաքսի» նյութերը: Բայց եթե «Տեղեկատվական վեճերի «միապետություն» հրապարակումն ընդունենք այդ որակյալ լրագրության ա-լյա «Մեդիամաքս» նմուշօրինակ, ապա չեմ նախանձում նրանց, ովքեր այդ գործակալությունն ընդունում են որպես տեղեկատվության աղբյուր:
Արա Թադեւոսյանի հեռուն գնացող «մերկացումների» համար հիմք էր ծառայել սոսկ մեկ մասնավոր հեռախոսային խոսակցությունը: Մի կողմ թողնենք էթիկայի տեսանկյունից միանգամայն տրամաբանական հարցն այն մասին, թե նման բանն, ընդհանրապես, ինչպես կարող էր դառնալ հանրային քննարկման առարկա: Ավելին՝ համարենք, որ ստացված տեղեկությունը կարող էր իրավիճակի մասին սխալ պատկերացում ձեւավորել: Բայց հենց դրա համար էլ գոյություն ունեն որակյալ լրագրության սկզբունքներ, որպեսզի առաջին տպավորությունը համեմատես այլ, մասնավոր զրույցից շատ ավելի ծանրակշիռ աղբյուրներից ստացված տեղեկատվության՝ ծաղկաձորյան ֆորումում Խորհրդի գաղափարի հանգամանալից քննարկման, ընդունված Հուշագրի տեքստի հետ: Վերջապես, կարելի էր (իսկ լրագրողական էթիկայի տեսանկյունից՝ անհրաժեշտ) խոսել նաև Բորիս Նավասարդյանի հետ, ում որ պասկվիլում վերագրվում է գոյություն չունեցող «քաղաքական ենթատեքստ», կամ էլ, ծայրահեղ դեպքում, զրուցել Խորհրդի գոնե մեկ այլ անդամի հետ ևս:
Որոշակի պայմաններում, օպերատիվության նպատակով, լրագրողն, անշուշտ, իրավունք ունի տարածել չստուգված փաստեր, եթե դրանք առնչվում են օրախնդիր, հանրային կարևորություն ունեցող հարցի: Սակայն մեր այս պատմության մեջ օպերատիվության մասին հիշատակելը ծիծաղելի է. Խորհրդի ձևավորման մասին մանրամասն հայտարարություն է արվել մայիսի 1-ին, նույն ժամանակ էլ տարածվել է նաև Հուշագիրը: Իսկ «Մեդիամաքսի» հրապարակումը հայտնվել է մայիսի 10-ին: Այդ օրերի ընթացքում կարելի էր մի քանի անգամ կապվել ինչպես գործակալության տնօրենին, այնպես էլ գլխավոր խմբագրին քաջածանոթ՝ ՏՎԽ հիմնադիր անդամներից յուրաքանչյուրի հետ և պարզաբանումներ ստանալ…
Բացի այդ, եթե խոսելու լինենք մասնագիտական «կանոնների» մասին, որոնք «Մեդիամաքսն» իբր թե երբեք չի խախտել, ապա իրեն հարգող ԶԼՄ-ն պարտավոր էր իր հրապարակման վերաբերյալ հերքումը տպագրել առանց մեկնաբանությունների և բովանդակային որևէ այլ միջամտության: Սակայն գործակալությունը, չգիտես ինչու, Տեղեկատվական վեճերի խորհրդի հերքումն ուղեկցել է Շուշան Դոյդոյանի և Բորիս Նավասարդյանի լուսանկարներով: Թե «ստեղծագործական» այդ հնարանքով ինչ են ցանկացել ասել մեդիամաքսցիները, կամ ինչու նման «պատվի» չեն արժանացել Խորհրդի մյուս անդամները՝ ամենատարբեր ենթադրությունների տեղիք է տալիս: Այսօրինակ երկիմաստությունն առավել անընդունելի է դարձնում լուսանկարների հրապարակումը՝ լրագրողական էթիկայի տեսանկյունից:
Բայց հերիք է խոսենք էթիկական սկզբունքներից. քննարկվող հոդվածում դրանց հանդեպ հարգանքի նշույլ անգամ չկա: Դիտարկենք «արդար զայրույթը» «Մեդիամաքսի» տնօրենի, ով հանդես է գալիս ի պաշտպանություն իր գործընկերոջ և վրդովված է «այն իրողությունից, որ մեր մեդիա ոլորտի և «քաղաքացիական հասարակության» մի զգալի հատվածում գործում է փաստացի փակ և ոչ թափանցիկ մի համակարգ, երբ մի քանի մարդիկ իրենց իրավունք են վերապահում հանդես գալ վերջին ատյանի դատավորների դերում` իրականում ընդունելով միանձնյա և շատ հաճախ դժվար հիմնավորվող որոշումներ»: Հետաքրքիր է, այդ ինչպե՞ս են մեդիա ոլորտի «մի քանի մարդկանց» կարծիքը, ովքեր պահպանել են իրենց իմացածը եւ մտածածն ասելու ընդունակությունը, կամ քաղաքացիական հասարակության «որոշումները» խանգարել Արա Թադևոսյանին՝ ընթանալու կյանքի իր ընտրած ուղիով: Այսինքն՝ լինել արդեն հիշատակված ՀՌԱՀ-ի անդամ կամ իր PR և հաղորդակցային «Մեդիաբրենդ» գործակալությամբ մասնակցել 2008թ. նախագահական ընտրությունները լուսաբանող այն «դիտարկմանը», որը քիչ էր մնում հայկական ԶԼՄ-ները անաչառության էտալոն համարեր: Ի դեպ, հանուն հետաքրքրութան ես նայեցի ո´չ մինչ այդ, ո´չ էլ դրանից հետո Հայաստանով երբևէ չհետաքրքրված՝ Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի կայքէջը, որի հովանու ներքո էր իրականացվում նշյալ նախագիծը, եւ այդ դիտարկման մասին որեւէ հիշատակում չգտա. հասկանալ կարելի է՝ որոշել են ՀԺԵՀ-ի կենսագրությունից ջնջել այդ ամոթալի էջը:
Իսկ մեզ մոտ ամոթալի չէ, ավելին՝ կարելի է ինքն իրեն թույլ տալ երեք տարի անցնելուց հետո իր «արդար զայրույթը» թափել նրանց վրա, ում ազնիվ գնահատականը՝ ԶԼՄ-ների այն ժամանակվա գործունեության վերաբերյալ, փորձել է վարկաբեկել իր կեղծ դիտարկմամբ: Այն ժամանակ մենք լռեցինք, բայց, ըստ երևույթին, ավելի հաճախ է պետք իրերը կոչել իրենց անուններով, և ոչ թե բարեսրտորեն այն մարդկանց դրության մեջ մտնել, ովքեր ապրում են «ուզում ես ապրել՝ ծռմռվել իմացիր» կարգախոսով: Այլապես, հենց վերջիններս են սկսում մասնագիտական ոլորտում իրենց զգալ դատավորներ ու նորաձևության օրենսդիրներ:
Կարելի է տարբեր կերպ վերաբերվել նորաստեղծ Տեղեկատվական վեճերի խորհրդին, հավատալ կամ չհավատալ դրա հեռանկարայնությանը: Կարծում եմ, որ անգամ դրա նախաձեռնողն ու հիմնադիրները լիովին համոզված չեն, որ այդ ձեռնարկումը կարող է հաջողել: Սակայն չփորձել՝ այն պարագայում, երբ դատական վերջին գործերի հետևանքով հայկական ԶԼՄ-ներում տիրող իրավիճակը ծայրահեղության եզրին է հասել, անտարբերության դրսևորում կլիներ: Իսկ ի՞նչ շարժառիթներով է առաջնորդվել «Մեդիամաքսի» տնօրենը՝ որոշելով այդքան հեշտորեն վարկաբեկել նախաձեռնությունը և անտեսելով փոքրիշատե փորձառու և պատասխանատու լրագրողի տարրական պարտականությունները։ Սա՛ պիտի խորհելու տեղիք տա: Ես խորհել եմ և, թերևս, գիտեմ ճիշտ պատասխանը: Իսկ դո՞ւք:
Հ.Գ. Մի քանի շաբաթ առաջ Արա Թադեւոսյանն ինձ հայտնեց «Մեդիամաքսի» կայքէջում անվանական բարձրորակ սյունակների շարք ստեղծելու հետաքրքիր ծրագրի մասին և ինձ առաջարկեց դառնալ սյունակագիրներից մեկը: Դարձյալ այդ նույն բարեսրտությունից ելնելով և շարունակելով հավատալ, որ, անգամ «Մեդիաբրենդի» դիտարկումով ու հեռարձակողների լիցենզավորման տասնյակ մրցույթներով անցնելուց հետո, մեծ ցանկության դեպքում կարելի է ճշմարիտ ուղու վրա կանգնել, ես սկզբում չբացառեցի նման համագործակցության հնարավորությունը: Սակայն ծայրահեղ զբաղվածության և, ինչ մեղքս թաքցնեմ, ցանկանալով մի որոշ ժամանակ հետևել, թե այդ գաղափարն ինչ կերպարանք է ստանում, նախընտրեցի սպասել: Երկար սպասելու հարկ չեղավ…»