2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Կորոնավիրուսը որպես կատարյալ պատրվակ

Իտալացի փիլիսոփա Ջիորջիո Ագամբենի հոդվածի թարգմանությունը։ Հոդվածը հրապարակվել է փետրվարի 26-ին il manifesto օրաթերթում։

Իտալիայում կորոնավիրուսի ենթադրյալ համաճարակի դեմ ձեռնարկված անբնական և բոլորովին անհիմն արտակարգ միջոցները հասկանալու համար՝ սկսենք Իտալական հետազոտությունների ազգային խորհրդի հայտարարությունից, համաձայն որի՝ «Իտալիայում  SARS-CoV2 համաճարակ չկա»։

Հայտարարությունում ասվում է․ «Հազարավոր դեպքերի ուսումնասիրության հիման վրա հավաքված տվյալների համաձայն, այս վարակը 80-90 տոկոս դեպքերում հարուցում է թեթև/միջին ծանրության ախտանիշներ (գրիպի տարատեսակ)։ 10-15 տոկոս դեպքերում կարող է հանգեցնել թոքաբորբի, մեծամասամբ՝ ոչ ծանր հետևանքներով։ Ըստ մեր կանխատեսումների, հիվանդների ընդհամենը 4 տոկոսն ունի ինտենսիվ բուժման կարիք»։

Եթե իրավիճակն այսպիսին է, ինչո՞ւ են մեդիան և իշխանություններն անում հնարավոր ամեն բան՝ խուճապի մթնոլորտ ստեղծելու, և այդպիսով արտակարգ դրություն (state of exception) հրահրելու համար՝ սահմանափակելով մարդկանց տեղաշարժը և կաթվածահարելով մի ամբողջ շրջան(ներ)ի առօրյա կյանքն ու աշխատանքային գործունեությունը։

Երկու գործոն, որ կարող են օգնել հասկանալ այս անհամաչափ արձագանքը․

առաջին հերթին, կրկին դրսևորվում է արտակարգ դրությունն իբրև կառավարման նորմալ հարացույց օգտագործելու միտումը։ «Հանուն հիգիենայի և հանրային անվտանգության» կառավարությունը գործադիր որոշմամբ իրական ռազմականացում է արտադրում «վարչական շրջաններում և տարածքներում, որոնցում գրանցվել է գոնե մեկ ախտորոշված հիվանդ, ում  վարակի աղբյուրը հայտնի չէ, կամ գոնե մեկ հաստատված դեպք, որը կապված չէ վարակակիր տարածքից ժամանած անձի հետ»։

Այս աղոտ ու անորոշ բանաձևը թույլ կտա արտակարգ դրությունն արագորեն տարածել բոլոր շրջանների վրա, քանի որ գործնականում նման դեպքերը չտարածվել չեն կարող։

Դիտարկե՛նք գործադիր որոշմամբ պարտադրված ազատության էական սահմանափակումները.

1. Վարակակիր վարչական շրջանների և տարածքների բնակիչների՝ այդ վարչական շրջաններն ու տարածքները լքելու արգելք։
2. Վարակակիր վարչական շրջաններ և տարածքներ մուտք գործելու արգելք։
3. Բոլոր միջոցառումների և նախաձեռնությունների (կապ չունի՝ մշակութային, ստորտային, ժամանցային, թե կրոնական) առկախում։ Ցանկացած մասնավոր կամ հանրային վայրում, այդ թվում՝ ազատ մուտքով փակ տարածքներում նախատեսվող հանդիպումների առկախում։
4. Մանկապարտեզներում և դպրոցներում,  նաև՝ բարձրագույն կրթական հաստատություններում կրթական ծառայությունների առկախում, բացառությամբ՝ հեռակա ուսուցման։
5. Թանգարանների ու մշակութային այլ հաստատությունների գործունեության դադարեցում։
6. Իտալիայի ներսում և դեպի արտասահման կրթական այցերի առկախում։
7. Հանրայնորեն անցկացվող քննությունների և հանրային ծառայություններ մատուցող բոլոր հիմնարկների գործունեության առկախում, բացառությամբ՝ առաջին անհրաժեշտության հանային ծառայությունների։
8. Կարանտինի և ակտիվ վերահսկողության պարտադրանք հաստատված վարակակիր անձի հետ շփում ունեցած անձանց նկատմամբ։

Ակնհայտ է, որ սահմանափակումներն անհամաչափ են սպառնալիքին, որն, ըստ Հետազոտությունների ազգային խորհրդի, սովորական հարբուխ է և շատ չի տարբերվում նրանից, ինչով մենք վարակվում ենք ամեն տարի։

Կարող ենք ասել, որ պայմաններում, երբ ահաբեկչությունը՝ որպես բացառիկ միջոցների արդարացում, սպառել է իրեն, համաճարակի գյուտը կարող է կատարյալ պատրվակ դառնալ այդպիսի միջոցներն առանց սահմանափակումների ընդլայնելու համար:

Մյուս՝ ոչ պակաս մտահոգիչ հանգամանքը վախի դրությունն է, որը վերջին տարիներին ներթափանցել է անհատական գիտակցություն և վերածվում է կոլեկտիվ խուճապի դրության իրական կարիքի, որի համար համաճարակը, կրկին, կատարյալ պատրվակ է դառնում:

Այս այլասերված արատավոր ցիկլի մեջ, կառավարությունների կողմից պարտադրված ազատության սահմանափակումն ընդունվում է իբրև անվտանգության իղձ, որը ստեղծվել է նույն կառավարությունների կողմից, որոնք այժմ միջամտում են՝ այդ իղձը բավարարելու համար: