2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հանվել է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը

Պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից:

Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը: Փոխարենը, ըստ որոշման, ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Առանձին համայնքներում, վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված, հնարավոր է սահմանվեն հատուկ ռեժիմներ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները:

Հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր  սահմանափակումները: Մասնավորապես՝

Մշակող արդյունաբերության հատվածում՝


  • Պոլիգրաֆիական գործունեությունը

  • Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրությունը

  • Քարի սղոցումը, մշակումը և հարդարումը

  • Մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրությունը

  • Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն

  • Պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգումը

  • Արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրումը


Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում հատվածում՝

  • Մեծածախ առևտուրը՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ՝ մի քանի ենթատեսակների

  • Գյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի և պահեստամասերի մեծածախ առևտուրը

  • Հանքարդյունաբերության, շինարարության և քաղաքացիական շինարարության համար մեքենաների մեծածախ առևտուրը

  • Ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակները


Տեղեկատվություն, կապ հատվածում՝

  • Գրքերի հրատարակությունը

  • Հեռուստատեսային ծրագրերի արտադրությունը, հետարտադրական գործունեությունը և տարածումը


Անշարժ գույքի հետ կապված գործունեություն հատվածը

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն հատվածում՝


  • Տեխնիկական փորձարկումները և վերլուծությունները

  • Գիտական հետազոտությունները և փորձարարական մշակումները՝ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում


Վարչարարական և օժանդակ գործունեություն հատվածում՝

  • Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեությունը այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէ


Սպասարկման այլ ծառայություններ հատվածում`

  • Արհեստակցական միությունների գործունեությունը

  • Համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգումը

  • Կենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգումը

  • Կենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգումը։


«Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» և «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաև այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը:

Բացառություն ստանալու դիմում-հայտը հնարավոր է ներկայացնել այստեղ: