Թուրքիան բարիշեց Ֆինլանդիայի ու Շվեդիայի հետ, տուժեցին քրդերը
Թուրքիան աջակցել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու դիմումներին, Մադրիդում անցկացվող գագաթնաժողովին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան ստորագրել են համատեղ հուշագիր, որը հաշվի է առնում Թուրքիայի շահերը, այդ թվում՝ զենքի արտահանումն ու ահաբեկչության դեմ պայքարը», - ասել է Ստոլտենբերգը։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան որոշել են հրաժարվել տասնամյակներով շարունակվող չեզոքության քաղաքականությունից և Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ֆոնին՝ դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
Դեպի ՆԱՏՕ նրանց ճանապարհին խոչընդոտում էր Թուրքիան, որը դժգոհ էր իր դեմ կիրառված զենքի էմբարգոյից (2019թ․-ին Սիրիայի վրա հարձակումից հետո) և այն նրանից, որ քրդերը, որոնց Անկարան ահաբեկիչներ է հռչակել, ապաստան են գտել սկանդինավյան երկրներում։ Խոսքը քրդական աշխատավորական կուսակցության (PKK) մասին է՝ մարքսիստական շարժում, որը 1980-ականներից ի վեր պայքարում է քրդերի քաղաքական իրավունքների համար։
Մադրիդում հանդիպման նախաշեմին թուրքական կողմը բանակցություններ է վարել սկանդինավյան երկու երկրների և ԱՄՆ-ի հետ՝ գրավոր փոխանցելով իր պահանջները և պնդելով կատարել դրանք, նախքան Անկարան իր համաձայնությունը կտա երկու նոր անդամներին մուտք գործել ՆԱՏՕ։ Թուրքիայի կառավարությունը պաշտոնական մեկնաբանությունում նշել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ բանակցություններում «հասել է իր ուզածին»։
Ի՞նչ է սպասվում հուշագրով
— Շվեդիան ակտիվացնում է աշխատանքը Թուրքիայի կողմից «ահաբեկիչ» ճանաչված անձանց (ավելի քան 30 հոգի) արտահանձնման ուղղությամբ։ Շվեդիան ու Ֆինլանդիան փոփոխում են օրենսդրությունը՝ քուրդ «ահաբեկիչների» նկատմամբ իրենց մոտեցումը խստացնելու համար․ Ստոլտենբերգ— «Լիարժեք համագործակցություն Թուրքիայի հետ PKK-ի և նրա մասնաճյուղերի՝ ներառյալ YPG-ի , դեմ պայքարում»․ Թուրքիայի նախագահի գրասենյակ
— Շվեդիան և Ֆինլանդիան վերացնում են Թուրքիային զենք վաճառքին վերաբերող իրենց սահմանափակումները․ Ստոլտենբերգ
— Ֆինլանդիան և Շվեդիան այսուհետ «էմբարգո սահմանափակումներ պաշտպանական արդյունաբերության ոլորտում» Թուրքիայի նկատմամբ չեն կիրառում․ Ստոլտենբերգ
— Երեք երկրները խոստանում են լիակատար աջակցություն ցուցաբերել միմյանց երկրներից որևէ մեկի անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում։
Ի՞նչ է սպասվում ՆԱՏՕ-ին
— ՆԱՏՕ-ի ղեկավարները այսօր պաշտոնական հրավեր կուղարկեն Ֆինլանդիային և Շվեդիային դաշինքին միանալու համար:
— Հավանաբար, դեռ ամիսներ կպահանջվեն, որպեսզի Ֆինլանդիան և Շվեդիան պաշտոնապես միանան ՆԱՏՕ-ին, քանի որ նրանց անդամակցությունը պետք է հաստատվի դաշինքի անդամ բոլոր երկրների կողմից:
— Փաստացի, Ֆինլանդիայի և Շվեդիայի համար փոփոխությունները շատ մեծ չեն լինելու․ նրանք 1994 թվականից հանդիսանում են ՆԱՏՕ-ի պաշտոնական գործընկերները, սերտ հարաբերություններ են պահպանում ալյանսի բանակների հետ և համապատասխանում են նրա բոլոր տեխնիկական և ինստիտուցիոնալ պահանջներին։ Հիմնական փոփոխությունը կապված է Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ կետի հետ, համաձայն որի՝ Ալյանսի անդամ երկրներից մեկի վրա հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլորի վրա։
— Ռուսաստանը կտրականապես դեմ է արտահայտվել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն՝ դա համարելով դաշինքի ընդլայման փորձ դեպի ռուսական տարածքներ։ ՌԴ ԱԳՆ-ում անդամակցության առաջին հայտարարություններից հետո արդեն սպառնում էին, որ եթե Ֆինլանդիան դառնա ՆԱՏՕ անդամ «Ռուսաստանը ստիպված կլինի ռազմատեխնիկական բնույթ կրող քայլեր ձեռնարկել»։
Բանակցություններին զուգահեռ Թուրքիայի նախագահ Էրդողանը նոր ներխուժում է սկսել Սիրիայի հյուսիս՝ քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) վերահսկողության տակ գտնվող քաղաքները հետ գրավելու համար։ SDF-ին աջակցում են ԱՄՆ-ն և Եվրոպան, այդ թվում՝ Ֆինլանդիան ու Շվեդիան, քանի որ վերջիններս մեծ դեր են ունեցել ISIS-ի (ահաբեկչական կազմակերպություն Իրաքում և Սիրիայում) դեմ պայքարում։
Քրդական հարցը տարիներ շարունակ Շվեդիայի և Թուրքիայի միջև կռվախնձոր է: Քրդական սփյուռքը Շվեդիայում մեծ է (100-150 հազար հոգի), լավ ինտեգրված և քաղաքականապես ակտիվ համայնք է: Ներկայումս Շվեդիայի խորհրդարանում 6 քուրդ պատգամավոր կա։
Շվեդիան հերքում է քուրդ ահաբեկիչներին ապաստան տալու և PKK-ին ակտիվորեն աջակցելու Թուրքիայի մեղադրանքները։ Շվեդիան PKK-ին ահաբեկչական խմբավորում է ճանաչել դեռևս 1984 թվականին՝ լինելով երկրորդ երկիրը, որը դա արել է անմիջապես Թուրքիայից հետո։
Շվեդիան ընդամենը աջակցում է Սիրիայի հյուսիս-արևելքում գործող Սիրիայի Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումներին (YPG) և նրա քաղաքական թևին՝ Դեմոկրատական կուսակցության միությանը (PYD): Թուրքիան տարբերություն չի դնում այդ խմբերի միջև։