Արարատի զորամասի սպանությունները մնում են անքննելի
Արարատի Զոդի զորամասում 2023 թվականի օգոստոսի 10-ին հրազենային վիրավորումներից զոհվել էր ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանը։ Ժամեր անց նույն զորամասում մահացել էր նաև ժամկետային զինծառայող Գրանիկ Խնկոյանը։ Կարապետյանը գլխի հատվածում երկու կրակոցից է մահացել, Քննչական կոմիտեն պնդում է, որ նա ինքնասպան է եղել։ «Անզգուշությամբ ինքնասպանության դրդելու» համար մի դեպքում կալանավորել են համածառայակիցներին, մյուս դեպքում՝ վերադաս սպային, որը զորքի առաջ նվաստացրել, հայհոյել և ծեծել էր Գրանիկ Խնկոյանին։
Ժորա Կարապետյանի գործով նախաքննությունն ավարտվել է, նյութերն արդեն ուղարկվել են դատարան։ Զոհվածի հորեղբայր Արծրուն Կարապետյանը, փաստաբան Մոնիկա Մարգարյանը և իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն այսօր ասուլիս էին հրավիրել «Մեդիա կենտրոնում»։ Պաշտոնական վարկածը նրանք արժանահավատ չեն համարում։
«Ժորա Կարապետյանը մի քանի կրակոց էր ստացել գլխի շրջանում՝ ճակատին։ Նա անմիջապես մահացել է։ Նրան հիվանդանոց տեղափոխելը, բուժօգնություն տրամադրելու անհրաժեշտությունը ուղղակի անտրամաբանական էր», - ասել է փաստաբանը։
Դատաբժկական եզրակացությամբ հաստատվել է՝ կրակոցները երկուսն են եղել։ Դեպքի վայրից քննիչները երեք պարկուճ են հայտնաբերել։ Նախաքննությունը, ըստ Մարգարյանի, այդպես էլ չի պարզել՝ այդ երրորդ պարկուճը ով և ուր է կրակել։
Փաստաբանը պատահականություն չի համարում նաև այն, որ Ժորայի մահվան մասին ռազմական ոստիկանությանը տեղեկացրել են դեպքից երկուսուկես ժամ անց․ «Այդ ժամանակը բավական է լինում, որպեսզի դեպքի վայրը փչացնեն, ապացույցները անդառնալի կորցնեն և անհետացնեն»։
Գործով անցնող վկաներից մեկը, ըստ նրա, նախաքննության ընթացքում հայտնել է, որ ռազմական ոստիկանությունում իր նկատմամբ ճնշումներ են գործադրվել։ Այս մասով վարույթը հետագայում կարճվել է։ «Ընդհանուր առմամբ, վկաները ցուցմունքներ են տվել, որ լսել են երեքից չորս կրակոց։ Հնարավոր է՝ փոխհրաձգություն է եղել։ Մեղադրյալներից մեկը հայտնել է, որ ինքն էլ է երեք կրակոց լսել։ Նրա կարծիքով՝ դրանք մենահատ կրակոցներ են եղել։ Նա համոզված է, որ Ժորա Կարապետյանը ինքնասպանություն չի գործել», - պատմել է Մարգարյանը։
Հարցին՝ ո՞րն է ինքնասպանության վարկածի հիմքը, փաստաբանը պատասխանել է․ «Նախաքննական մարմնի եզրակացությունը, որ տեղի ունեցածը ինքնասպանություն էր, հիմնվում է փակ հաստատությունում գտնվող վկաների ցուցմունքների վրա։ Վկաները համածառայակիցներն են՝ նրանք, ովքեր դեպքի օրը մարտական հերթապահություն են իրականացրել Ժորա Կարապետյանի հետ։ Այս ցուցմունքները արժանահավատ չեն և նույնաբովանդական են՝ իբրև թե երկու զինծառայող վիրավորել և ծեծել են Կարապետյանին, իբրև թե այդ ամենը տևել է մեկ օր, և արժանապատվությունը նվաստացնելու միջոցով իբրև թե նրան հասցրել են ինքնասպանության։ Այն էլ՝ անզգուշությամբ են հասցրել»։
Ժաննա Ալեքսանյանը, Մոնիկա Մարգարյանը և Արծրուն Կարապետյանը, լուսանկարը՝ Մեդիա կենտրոն
