Home / Video / Գերիներին գլխաքանակով չէինք հաշվում

Գերիներին գլխաքանակով չէինք հաշվում

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ զրույցի առիթը օրեր առաջ Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարազատների բողոքի ակցիան էր։ Նրանք փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ պահանջելով փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի 3-ական գերիներին։

Ադրբեջանում նրա գործով դատավարությունը սկսվել նոյեմբերի 6-ին։ Ղազարյանը մեղադրվում է Ադրբեջանում՝ զենքի ու պայթուցիկի կիրառմամբ ահաբեկչական փորձ կատարելու մեջ։ Հայկական կողմը հերքում է այդ պնդումը։

Խնդրին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ո՞ւմ դեմ էր ուղղված էդ ակցիան։ Եթե դա Ադրբեջանի իշխանության գործողությունների դեմ էր, ինչո՞ւ է էդ դեպքում փակվում էն ճանապարհը, որի ընդհանրապես փակումն Ադրբեջանի ստրատեգիական նպատակներից մեկն էր»։

Ավելի վաղ Ադրբեջանի ղեկավարությունը մամուլի միջոցով առաջարկել է փոխանակել գերիներին՝ բոլորին բոլորով սկզբունքով։

Epress.am-ի զրուցակից Վարդան Հարությունյանն ինքը գերիների փոխանակման փորձ ունի դեռևս այն ժամանակներից, երբ դժվար էր պատկերացնել, որ հակամարտությունը նման ծավալների կհասնի։ Իրավապաշտպանը սկսել է գործել ԽՍՀՄ օրոք, ձեռբակալվել է՝ համալրելով այդ սովետական ռեժիմի քաղբանտարկյալների երկար ցանկը։