Երևանի Կոնդ թաղամասի բնակիչներն այսօր կրկին անգամ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ` պահանջելով լուծել իրենց բնակարանային խնդիրները:
Առաջին բողոքի ակցիան նրանք անցկացրել էին դեռևս մարտ ամսին: Նրանք նշում են, որ 2007թ. դեկտեմբերին 215 ընտանիքներ պայմանագիր են կնքել քաղաքապետարանի և մի լիբանանցի գործարարի հետ` պայմանով, որ իրենց քանդված տների տեղը կառուցվելիք բնակելիներում կունենան բնակարաններ: Ըստ ծրագրի` շենքերը պետք է պատրաստ լինեին պայմանագիրը կնքելուց հետո 30 ամսվա ընթացքում, սակայն, թեև արդեն 4 տարի է անցել, շենքի միայն առաջին հարկի շինարարություն է սկսվել ու կիսատ մնացել, քանի որ լիբանանցի գործարարը, որի անունը բնակիչները չգիտեն, հողերը կառուցապատման համար հանձանել է «Դաունթաուն» ընկերությանը, որը, իր հերթին, լուծարվել է, և այժմ շենքերի շինարարություն կանգնել է:
Այսօր կառավարության շենքի մոտ կոնդեցիների հետ զրուցել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ով նշել է, որ հարցը լուծման փուլում: