Home / Video / Շատինի պայքարը՝ սոցիալ-տնտեսական խնդիրների համատեքստում

Շատինի պայքարը՝ սոցիալ-տնտեսական խնդիրների համատեքստում

Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Շատին բնակավայրը ոտքի է կանգնել դեռևս մայիսին: Ճանապարհն են փակել՝ պահանջելով համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի հրաժարականը, ապա արգելափակել են գյուղապետարանի շենքը: Ստեփանյանը Շատինից հեռացել է և այժմ «նստում է» համայնքի փոքր բնակավայրերից մեկում՝ Թառաթումբում:

Համայնքապետարանի աշխատանքը փաստացի պարալիզացված է, գյուղապետարանի շենքը երեք ամիս է՝ շարունակում է փակ մնալ, իսկ խնդիրներին լուծում չի տրվում: Epress.am-ի թիմի այցի ժամանակ գյուղապետարանի մոտ մոտ երկու տասնյակ մարդ էր հավաքված, նրանք ակտիվ քննարկում էին գործընթացները՝ «Արթուր, հեռացի՛ր» պաստառի տակ կանգնած: Կողքին մեկ այլ պաստառ է վերնագրված «Եղեգիս համայնքի ղեկավարի բաժնետերերի ցուցակը»: Ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում գեներալ Հովիկ Օհանյանը՝ շատինցիները նրան 51 տոկոս «բաժնեմաս» են տվել, երկրորդը՝ բժշկուհի Զոյա Մարտիրոսյանն է, երրորդը՝ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Ինքը՝ Արթուր Ստեփանյանը, ըստ շատինցիների, համայնքի ղեկավարի ընդամենը 6 տոկոս «բաժնեմաս» ունի: