Home / Video / Էջմիածնից և Աշտարակից այսօր երթուղայինները Երևան չէին գալիս

Էջմիածնից և Աշտարակից այսօր երթուղայինները Երևան չէին գալիս

Epress.am-ի նկարահանող խումբն այսօր մեկնել է Էջմիածին և Աշտարակ քաղաքներ, որտեղից ահազանգեր էինք ստացել առ այն, որ Երևան տանող երթուղայինները կամ չեն աշխատում կամ դատարկ են գնում Երևան:

Էջմիածին-Երևան որևէ երթուղային չկար Էջմիածնի կանգառում, կանգնած էին միայն մեծ ավտոբուսները, որոնք 1 ժամ հաճախականությամբ են երթևեկում: Մենք այդպես էլ չկարողացանք զրուցել երթուղայինները կարգավորող պատասխանատու անձի հետ: Միայն մի «Գազել» մակնիշի մեքենա հանդիպեցինք, որի վարորդը մեզ ասաց, որ իր մեքենան անսարք է, սակայն մի քանի րոպե հետո տեսանք այդ նույն մեքենան առանց ուղևորի Երևան մեկնելիս:

Էջմիածնի բնակիչները Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ենթադրում էին, որ երթուղայինները չեն աշխատում այսօրվա ՀԱԿ-ի հանրահավաքի պատճառով:

Աշտարակ քաղաքում գրեթե նույն վիճակն էր տիրում, բայց այստեղ մեծ ավտոբուսներ անգամ չկային: Մարդիկ կանգառում սպասում էին, իսկ կանգառին մոտ գտնվող մի խանութի աշխատակիցներն էլ ասացին, որ առավոտից երթուղայինները չեն գործել: Մի ավտոբուսի վարորդի հետ զրույցում էլ տեղեկացանք, որ իր մեքենան ևս անսարք է, դրա պատճառով էլ չի աշխատում: Մոտ 20 րոպե կանգառում կանգնելուց հետո մի ավտոբուս եկավ, սակայն երբ նկատեց տեսախցիկը, մեծ արագությամբ հեռացավ՝ առանց ուղևոր վերցնելու: