Home / Video / Քննիչը քրֆեց․ Դաժանաբար սպանված զինվորի մոր դատաիրավական արկածները

Քննիչը քրֆեց․ Դաժանաբար սպանված զինվորի մոր դատաիրավական արկածները

2005-ին բանակում դաժանորեն ծեծելով սպանել են երևանաբնակ Գյուլվարդ Աղաջանյանի որդուն, ինչից հետո կրակել են դիակին։ Կնոջը տարիներով խաբում, վիրավորում, նվաստացնում և դռնեդուռ են ուղարկում քննիչները, փաստաբանները և համակարգի այլ ներկայացուցիչները։ Աղաջանյանը պատմում է, որ հանցագործության հետ կապ ունեն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարազատները՝ մասնավորապես չաստ նայողը։ Վերջինս, ինչպես նաև զորամասի սպաները ծառայության 17 ամիսների ընթացքում տանջում էին հետագայում սպանված զինվոր Նաիրի Իսախանյանին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2018-ին հասցեագրված նամակից․

– Վաղուց էի սպասում մեր երկրում կատարված իշխանափոխությանը, ստրկատիրական հասարակարգում նույնիսկ ստրուկների հետ այսպես դաժան չեն վարվել, ինչպես ՀՀ տառապյալիս։ Պարտադրաբար զինվորագրել են ծառայությանը ոչ պիտանի որդուս՝ Նաիրի Իսախանյանին։ ՀՀ դատաքննչական համակարգը բռնախլել են տուժողի իրավահաջորդիս իրավունքները։

11․04․05թ․-ին Գորիսի զորամասում որդուս 17 ամսվա հալածանքները ավարտվել են կանխամտածված տանջամահվամբ՝ դաժանաբար ջարդուխուրդ են արել երկրորդ պահակակետում՝ զինանոցի դեմը։ Չորրորդ պահակակետի կիսակառույց ճաշարանի դեմը արյունաքամ դիակի ճակատին երկու հրազենային գնդակով գնդակահարել են։

Հետաքննությունն անմիջապես նույն օրը կատարվել է դեպքի վայր մեկնած ՀՀ զինդատախազության, հետո վերադաս մեկ այլ քննչական կառույցի կողմից։

29․04․05․թ․-ին հանցախումբը տեղափոխվել է Երևան, և անմիջապես սկսվել է ընդլայնված նախաքննությունը։ Քննության տակ էին շարքային զինվորներ, մեծ թվով սպաներ, զորամասի այլ աշխատակիցներ, քաղաքից հյուրեր։

Զինդատախազությունը և անձամբ Գագիկ Ջհանգիրյանը սպանվածի ծնողների առաջարկել են գործը ավարտել՝ դատելով դիակին կրակողին և հանցակիցներից մեկին։ Ծնողները հրաժարվեցին՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել իրական սպանողներին։ Այդ ժամանակից գործը որակեցին որպես չբացահայտված, և սկսվեցին սպանվածի հարազատների ստորացումները դատաիրավական համակարգի ներկայացուցիչների կողմից, քննիչների բազմաթիվ ապօրինի գործողությունը։