«Հայկական ժամանակ» օրաթերթը ստիպված կլինի 2 միլիոն 44 հազարական դրամ վճարել ԱԺ երեք պատգավորներին` Ռուբեն Հայրապետյանին, Սամվել Ալեքսանյանին և Լևոն Սարգսյանին, ովքեր նաև խոշոր գործարարներ են:
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարինե Պետրոսյանը վճիռ կայացրեց, համաձայն որի օրաթերթի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի համարում լույս տեսած «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածում առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Երեք պատգամավորները «Հայկական ժամանակից» պահանջել էին հերքել հրապարակումը և փոխատուցել ստացված բարոյական վնասը, ինչպես նաև դատական ծախսերը: Պատգամավորներից յուրաքանչյուրը պահանջել էր 2,5 միլիոն դրամ: Դատարան մասամբ է բավարարել պատգամավորների պահանջը:
Epress.am-ի հետ զրույցում օրաթերթի թողարկմանն պատասխանատու Հայկ Գևորգյանը դատարանի վճիռը որակել է որպես հերթական ապօրինություն:
«Դատարանը իրենց սեփական դատարանն է: Որ այս վճիռը պիտի լիներ, մենք չէինք էլ կասկածում: Մեզ համար ոչ մի տարօրինակ բան տեղի չի ունեցել: Եվ մենք այս վճիռն անպայման բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարանում», – ասել է Գևորգյանը:
Հիշեցնենք, որ, համաձայն հոդվածի, Ռուսաստանի իրավապահ մարմինները ցուցակ են կազմել, որում ընդգրկված են եղել տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաներ: ՌԴ իրավապահների կազմած ցուցակի առաջին յոթ հորիզոնականներում հետևյալ անուններն են եղել` Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյան, ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյան և Լևոն Սարգսյան, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան: «ՀԺ»-ի հրապրակման համաձայն, այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ:
Նշենք նաև, որ վերջին տարվա ընթացքում սա օրաթերթի դեմ երկրորդ դատական հայցն է, որը դատարանը բավարարել է: «Պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման և վնասի հատուցման» պահանջով դատարան էր դիմել ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին: Նա իրեն հասցված վնասը գնահատել էր 16 միլիոն դրամ:
Դատարանը պահանջը կրկին բավարարել էր մասամբ` պարտավորեցնելով օրաթերթին վճարել մոտ 3.5 միլիոն դրամ: Լևոն Քոչարյանի մասին 2009 թվականի փետրվարին տպագրված հոդվածը կոչվում էր «Ռոբերտիչի արկածները Դուբայում»: Հրապարակման մեջ նշվում էր, որ 2008 թվականի վերջին Լևոն Քոչարյանը հարբած վիճակում ձերբակալվել է Դուբայում տեղի ոստիկանության կողմից: