Խարդախությունների պատճառով վարկերի տակ ընկած մարդկանց թիվը գնալով աճում է․ կեղծարարները ուրիշի անունով օնլայն վարկ են ձևակերպում, կանխիկացնում և անհետանում։ Մայր գումարներն ու տոկոսները բանկերը հետո գանձում են տուժող քաղաքացիներից՝ հարկադիրի օգնությամբ, նույնիսկ եթե քրեական գործ կա հարուցած և մեղավորները բացահայտված են։
Խարդախությունների զոհերը վերջին ամիսներին միավորվել են և պարբերաբար բողոքի ցույցեր են անում բանկերի մոտ, որոնց վարկավորման առցանց համակարգերի պատճառով հայտնվել են մի քանի հարյուր հազարից մինչև մի քանի միլիոն պարտքի տակ։
Բանկերը մեղադրում են տուժողներին՝ “ձեր ֆինանսական գիտելիքներն ու թվային գրագիտության մակարդակը բարձրացրեք”, բայց մեկ քլիքով վարկ տալուց նույնականացում չեն անում։ 100 հազար դրամ աշխատավարձ ստացող, թոշակի անցնող, վարկային պատմություն չունեցող մարդկանց անունով միլիոնանոց վարկեր են դուրս գրել, չնայած նման պայմաններում նույնիսկ ապառիկով հեռախոս գնալը հեշտ չէ։
Փոխարենը անվտանգության համակարգի վրա աշխատեն, ֆինանսական կառավարիչները մեղքը բարդում են խաբված մարդկանց վրա և իրավապահ ճնշումների միջոցով տուժածներից ստանում գողացված վարկերը։
Մանրամասները՝ տեսանյութում, որը ամփոփում է ապրիլի 3-ի (Inecobank-ի մոտ) և մարտի 29-ի (IDbank-ի մոտ) բողոքի ցույցերը․