Մեծ մեդիա քարոզարշավից, թաղային վերձևավորումներից, քրեական գործերից և արտահոսքերից հետո Գյումրիի ՏԻՄ ընտրություններն անցան խաղաղ։ Ոչ մի ուժի չհաջողվեց ստանալ ձայների 50+1 տոկոսը։ Անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունները բանակցում են, որ կազմեն կուալիցիոն իշխանություն։ Կենտրոնական իշխանության պոտենցիալ դաշնակիցները ավագանի չեն մտել, ընդդիմադիրները միավորվել են Գյումրու նախկինի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շուրջ:
Քաղաքացիական պայմանագիրը (քաղաքապետի թեկնածու՝ Սարիկ Մինասյան) ստացել է ամենաշատ քվեն՝ 17 հազար 183 կամ 36 տոկոս։ 20.5 տոկոսով երկրորդ տեղում է 2000-2012-ին Գյումրու քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Ղուկասյան՝ Վարդանիկը, որն ընտրություններին մասնակցում էր Կոմունիստական կուսակցության ցուցակով։ Երրորդ տեղը զբաղեցրել է Մարտուն Գրիգորյանի ղեկավարած դաշինքը՝ 15 տոկոս։ Չորրորդ տեղում «Մայր Հայաստանն» է՝ Ղարաբաղի և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի տեղական ֆիլիալը։
Քաղաքապետի ապագան կախված է նրանից, թե ում կմիանա Մարտուն Գրիգորյանը։ Հինգօր լռությունից հետո նա հայտարարել է, որ ավագանու առաջին նիստին աջակցելու է Ղուկասյանի թեկնածությանը, որպեսզի չթողնի Քաղաքացիական պայմանագրին իշխանության գալ Գյումրիում։ Գյումրեցիները հիշում են՝ Մարտունն ու Վարդանիկը թշնամական հարաբերություններ ունեն, կլանային կռիվները այստեղ քաղաքային լեգենդ են, նրանց միավորվելը շատերի համար անհնար էր թվում։
Գյումրիում հիմա սպասում են ոչ միայն համայնքապետի ընտրությանը, այլև նրա տեղակալների նշանակմանը։ Քննարկվում է նաև Ղուկասյանի հնարավոր ձերբակալության սցենարը․ 2018-ից հետո նրա նկատմամբ տարբեր քրեական գործեր են հարուցվել, ապագա քաղաքապետը հայտնի է ոչ միայն եկեղեցաշինական բարեգործությամբ, այլև կրիմինալ անցյալով և հանցագործ բարեկամներով։
Ընտրությունների օրը Epress.am-ը զրուցել է ընտրական իրավունքի մասնագետներ, իրավապաշտաններ Անտոն Իվչենկոյի և Վարդինե Գրիգորյանի հետ։ Նրանք Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակից են և ընդգրկված էին Գյումրու դիտորդական առաքելության կազմում։