Home / Հայաստան / ՀՀԿ-ական պատգամավորը ցավում է, որ Մատենադարանը երեխաների մոտ ընկալվում է որպես «միտինգի վայր»

ՀՀԿ-ական պատգամավորը ցավում է, որ Մատենադարանը երեխաների մոտ ընկալվում է որպես «միտինգի վայր»

Արաբական երկրներոմ սուլթանական համակարգ է իշխում, մեզ մոտ խնդիրները միայն սոցիալ- տնտեսական են, և արաբական երկրների հեղափոխական ալիքը ավելի շատ Արբեջանին պետք է անհանգստացնի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանիդպման ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նա նշել է, որ արաբական աշխարհի հեղափոխությունների սցենարը Հայաստանում հնարավոր չէ:

«Մեր պրոբլեմն ավելի շատ սոցիալ տնտեսական է, քան քաղաքական»,- ասել է Կարինե Աճեմյանը:

Ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորի պնդմանը` բանավեճի մասնակից ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն ասել է.

«Քաղաքական  պրոբլեմ չունենք, հա՞: Մարտի 1-ին տասը մարդ սպանեցին, մինչև հիմա չեն բացել: Դա քաղաքական է, թե՞ սոցիալական»:

Պատգամավորներն անդրադարձել են նաև ընդդիմության խնդիրներին: Կարինե Աճեմյանի խոսքով` մեր երկրում ընդդիմությունը չի կարողանում համախմբվել:

ՀՀԿ-ական գործիչը նաև խոսել է երթերի և հավաքների խնդրի մասին:

«Ես չեմ կարողանում հասկանալ, որ մեր մշակույթի երկու մեծ օջախները Մատենադարանը և Օպերայի հարպարակը… ցավում եմ, որ շատ երեխաներ Մատենադարանը ընկալում են որպես միտինգների վայր, նրանք չգիտեն, որ դա մեր գրքերի գանձարանն է, և ես ուզում էի հարց տալ, ինչու չի կարելի այդ վայրերից հեռացնել միտինգների վայրը»,- ասել է Կարինե Աճեմյանը` նշելով, որ այդ հարցը նա ցանկանում էր տալ ԱԺ-ում երթերի և հավաքների օրինագծի փոփոխությունների քննարկման ժամանակ:

Անահիտ Բախշյանը հակադարձել է գործընկերոջը` նշելով, որ Ազատության հրապարակը վաստակել է այդ անունը որպես Ազատության խորհրդանիշ:

«Իսկ այնտեղ բոլոր կապիկությունները հեղինակազրկում են (հրապարակը): Այո’, Ազատության հրապարակը հանրապետությունում պետք է լինի որպես Ազատության հրապարակ, և ամեն մարդ, ով ուզում է բողոքել, պիտի գնա այնտեղ, նստի ու ասի»,- ասել է Անահիտ Բախշյանը:

Epress.am-ը հարցրել է Կարինե Աճեմյանին, թե այդ դեպքում որտեղ մարդիկ պետք է իրականացնեն իրենց խաղաղ հավաքները:

«Մենք ունենք բազմաթիվ նոր հրապարակներ, ունենք տարածքներ, որտեղ  հնարավոր է, որոնք հեռու են մշակութային օջախներից: Ես, որպես մշակույթի մարդ, ցավ եմ ապրում, որ երեխայի մոտ միտինգն ասոցացվում է  Մատենադարանի հետ կամ հակառակը: Բայց դա իմ անձնական կարծիքն է»,- հավելել է պատգամավորը: