Home / Հայաստան / 4+3. ՀԱԿ-ի ազատ արձակված ակտիվիստներին մեղադրեցին. նրանք հրաժարվեցին ցուցմունք տալ

4+3. ՀԱԿ-ի ազատ արձակված ակտիվիստներին մեղադրեցին. նրանք հրաժարվեցին ցուցմունք տալ

Օգոստոսի 9-ին ոստիկանության բաժին բերման երթարկված և հաջորդ օրը ձերբակալված Հայ Ազգային Կոնգրեսի երեք երիտասարդների` Արեգ Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ այսօր մեղադրանք է առաջադրվել 258 հոդվածի (Խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Epress.am-ի հետ զրույցում Արեգ Գևորգյանը տեղեկացրել է, որ այսօր իրենք հրավիրվել էին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության բաժին, որտեղ էլ նրանց տեղեկացրել են մեղադրանքի մասին:

«Մենք հրաժարվեցինք որևէ ցուցմունք տալուց հետևյալ պատճառաբանությամբ. քանի որ ՀՀ ոստիկանությունը հարուցված քրեական գործով անցնում է որպես կոնֆլիկտի կողմ, ապա նա չի կարող օբյեկտիվ քննություն իրականացնել, իսկ այս մարմինը որտեղ մենք կանչվել էինք հարցաքննության, ոստիկանության քննչական գլխավոր վարչությունն է: Կոնֆլիկտի կողմը փորձում է քննել գործը, ինչը ակնհայտորեն չի կարող օբյեկտիվ լինել»,- ասել է Արեգ Գևորգյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ձերբակալված 7 ակտիվիստներից 4-ին` Արեգ և Վահագն Գևորգյաններին, Դավիթ Քիրամիջյանին և Սահակ Մուրադյանին ուրբաթ բաց էին թողել, իսկ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ դատարանը երկամսյա կալանք է կիրառել:

Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով, Արտակ Կարապետյանին` 316 հոդվածի 1-ին մասի, իսկ Սարգիս Գևորգյանին և Վահագն Գևորգյանին` 258 հոդվածի (Խուլիգանություն) առաջին մասի հատկանիշով: