Home / Հայաստան / Աղթամարի եկեղեցու գմբեթը արագ կվերանորոգվի

Աղթամարի եկեղեցու գմբեթը արագ կվերանորոգվի

Վանում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ճաքել է Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցու գմբեթը, հաղորդում է Epress.am-ի թղթակիցը Վանից: Եկեղեցում նաև ապակի է կոտրվել, ինչպես նաև կերամիկական ջարդված մնացորդներ են եղել:

Եկեղեցու վիճակին ծանոթանալու համար Աղթամար է մեկնել Թուրքիայի տուրիզմի նախարարության մասնագետների մի խումբ:

Մասնագետները պատրաստվում են գմբեթի վերանորոգման աշխատանքներն իրականացնել հնարավորինս արագ:

Հիշեցնենք, որ 2010 թվականի սեպտեմբերին Աղթամարի եկեղեցում 95 տարի ընդմիջումից հետո պատարագ մատուցվեց, որին ներկա էին հազարավոր հայեր աշխարհի տասնյակ երկրներից: Դրանից հետո Աղթամար այցելող զբոսաշրջիկների և ուխտավորների թիվն աճել է: