Home / Հայաստան / «Աբորտի դիմելը տգիտության հարց է». Ինչու են Հայաստանում ազատվում աղջիկներից

«Աբորտի դիմելը տգիտության հարց է». Ինչու են Հայաստանում ազատվում աղջիկներից

2002 թվականից Հայաստանում գործում է Մարդու վերարտադրողական առողջության մասին օրենք, որի  տասներորդ հոդվածի համաձայն` մինչև 10 շաբաթական հղիությունը մայրը իրավունք ունի արհեստական վիժեցում անել: Այսինքն` օրենքով արգելված է ավելի մեծ տարիքում գտնվող պտղի վիժեցումը, ինչն էլ ամենատարածվածն է, քանի որ երեխայի սեռը հնարավոր է պարզել  միայն 12 շաբաթականից հետո: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է բժիշկ Վահե Տեր-Մինասյանը:

«Ներկայումս գնալով ավելի շատ են դիմում աբորտների: Այսպիսի սոցիալական պայմաններում երեխաներ մեծացնելը գնալով ավելի բարդ է դառնում: Մարդիկ ուզում են տղա երեխա ունենալ: Եթե առաջին երեխան աղջիկ է, անպայման ուզում են երկրորդը տղա լինի, որովհետև երրորդ երեխա ունենալ չեն նախատեսում: Մի քանի տարի հետո մենք կունենանք դեմոգրաֆիկ բարդ պատկեր, այսինքն` ավելի շատ տղաներ կլինեն, քան աղջիկներ»,- ասել է նա:

Տեր-Մինասյանը նաև հիշեցրել է այն վնասի մասին, որ պատճառում է աբորտը կնոջ առողջությանը: «Աբորտի դիմելը միայն տգիտության հարց է: Եթե կանայք և նրանց ամուսինները իմանան, թե ինչ մեծ վնաս է հասցնում աբորտը կնոջ առողջությանը, երբեք դրան չեն դիմի»,- ասել է բժիշկը:

Հանդիպմանը ներկա Տեր Կյուրեղ քահանա Տալյանը խոսել է աբորտի մերժման քրիստոնեական հիմքերի մասին: «Նման մարդասպանությունն արդարացնելը գալիս է Եվրոպայում տարածված նոր կրոնի` «մարդու իրավունքեր» կրոնից», – ասել է քահանան:

Ըստ նրա` աբորտների հետևանքով մահացել է 4 միլիոն մարդ` ավելի շատ, քան որևէ պատերազմում, մինչդեռ մարդու կյանքը Աստծո առջև մեծագույն արժեք է` «նույնիսկ փոքրիկ, դեռ աշխարհ չեկած կյանքը»: