Home / Հայաստան / Արթուր Աբրահամը պատրաստ է Ցեղասպանության ճանաչման համար օգտագործել ռինգը. ուղերձ

Արթուր Աբրահամը պատրաստ է Ցեղասպանության ճանաչման համար օգտագործել ռինգը. ուղերձ

Գերմանիան ներկայացնող հայ անվանի բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել հայությանը.

«Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայեր, շնորհավորում եմ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդի առթիվ: Մաղթում եմ սեր, առողջություն և առատություն ամեն հայի ընտանիքում: Թող 2012 թվականը միայն բարձր նպատակների, ձեռքբերումների եւ հաղթանակների տարի լինի հայության համար: Այդ ճանապարհին մեզ կօգնեն միասնականությունը, մեր ուժերի հանդեպ հավատը և հայի անկոտրում կամքը: Ազատության և խաղաղության պայմաններում շարունակենք պահանջատեր լինել Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցման հարցում՝ այդ նպատակին ծառայեցնելով ցանկացած ամբիոն, այդ թվում՝ ռինգը: Ցանկանում եմ, որ Արցախյան հակամարտությունն էլ խաղաղ ճանապարհով կարգավորվի, և մենք՝ հայերս, ապրենք մեր անկախ, ինքնիշխան, խաղաղ Հայաստանում՝ օտար ազգերի կողմից ճանաչվելով որպես հզոր,  արարող մի ազգ, ով աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը: Վստահ եմ, որ իմ եւ աշխարհով մեկ սփռված հայության այս մեծ նպատակները իրականություն կդառնան, եթե մենք դրանց իրականացման ճանապարհին լինենք միասնական: Հպարտ եմ, որ հայ եմ: Իմ անսահման սերը բոլորիդ: Ձեր՝ Արթուր Աբրահամ»: