18:30 Մալաթիա-Սեբաստիայում Նիկոլ Փաշինյանի շտաբի ներկայացուցիչները շարունակում են նոր խոչընդոտների բախվել: Շենքերից մեկի մոտ մի քանի անձինք, ովքեր չեն ներկայացել, թեև շտաբի ներկայացուցիչների տվյալներով դրանցից մեկը համատիրության ղեկավարն է, պահանջում են չբաժանել նամակները: Նրանք նշում են, որ նամակներում Սամվել Ալեքսանյանը նշված է որպես «Լֆիկ Սամո», իսկ դա վիրավորական է իրենց թեկնածուի համար: Նրանք պահանջում են նամակներից հանել այդ արտահայտությունը:
17:30 Քիչ առաջ նման միջադեպ կրկնվեց նաև Հարավ-Արևմտյան Ա1 թաղամասում: Նիկոլ Փաշինյանի շտաբի ներկայացուցիչների վրա հարձակվեցին նույն կանայք, ովքեր փորձել էին խոչընդոտել աշխատանքը մինչ այդ, և սկսել են պահանջել հեռանալ «իրանց թաղից»:
Նրանք նշում էին, որ «էն ասֆալտը, որի վրա կանգնած եք Սամվել Ալեքսանյանն ա արել»:
Մինչ այդ շտաբի ներկայացուցիչներին մոտեցել են նաև երիտասարդներ, ովքեր նույն պահանջներ են ներկայացրել՝ ասելով նկարահանող շտաբի անդամներին, որ եթե իրենց նկարները հայտնվեն ինչ-որ տեղ, ապա նրանք գլխով պատասխան են տալու:
14:53 Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում հերթական միջադեպն է գրանցվել թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում:
Փաշինյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչների փոխանցմամբ` իրենք նամականեր էին բաժանում Բաբաջանյան 97 և 99 շենքերի բնակիչներին, երբ բնակիչներից երկու կայանյք մոտեցել են և հայտարարել, որ անմիջապես դադարեցնեն «էդ Նիկոլի» նամակները բաժանելը, «թե չէ` «ձեր համար վատ կլինի»:
Կանայք երիտասարդներին հայհոյել են, քաշքշել, այնուհետև նրանց է մոտեցել մի երիտասարդ, ով նույնպես հայհոյել Նիկոլ Փաշինյանի շտաբի ներկայացուցիչներին:
Այս պահին երիտասարդները դադարեցրել են նամակների բաժանումը` ակնկալելով ոստիկանության միջամտությունը:
14:14 Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Հարավ–Արևմտյան Ա–1 թաղամասի Սվաճյան 37 հասցեում այս պահին խոչընդոտում են թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Հայ Ազգային Կոնգրեսի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը: Ինչպես Epress.am-ին փոխանցեցին Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչները, իրենք` Փաշինյանի հետ միասին, նամականեր են բաժանում ընտրողներին, սակայն նույն տարածքում ՀՀԿ-ական թեկնածու, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները խոչընդոտում են օրենքով սահմանված գործողությունները:
Միջադեպի մասին համապատասխան հաղորդում է տրվել իրավապահ մարմիններին: Այս պահին միջադեպի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները: