Շուրջ մեկ տարի «Գորիս» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող զինծառայող Սուրեն Կիրակոսյանին հունիսի 12-ին դատապարտել են երկու տարվա ազատազրկման՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 4-րդ մասով (զորամասը լքելը): Զինծառայողի մոր` Զվարթ Կիրակոսյանի խոսքով` դատարանը հաշվի չի առել նրա առողջական վիճակը: Նրան Գորիսում կայացած դատական նիստի են տեղափոխել Երևանի Քրեակատարողական վարչության հիվանդանոցից, որտեղ Սուրենը տեղափոխվել էր 52 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո՝ մայիսի 25-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում:
Epress.am-ի թղթակցի հետ զրույցում Զվարթ Կիրակոսյանը պատմել է, որ դատական նիստին տղան հաճախ ի վիճակի չի եղել անգամ ցուցմունք տալ՝ միայն ապահովել է ֆիզիկական ներկայությունը:
«Փաստաբանը խնդրեց նորից փորձաքննություններ անցկացնել ու քննարկել զինգրքույկում նշված երիտասարդի առողջական խնդիրները, սակայն ամեն ինչ մերժվեց, փոխարենն այնպիսի մի փաստաթուղթ էին ներկայացրել դատարանում, երբ կարդացին, բոլորս հանկարծակիի եկանք: Փաստաթղթում գրված էր, թե Սուրենը նախկինում դատապարտված է եղել Քր. օրենսգրքի 264 հոդվածի` «Պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը») հատկանիշներով: Սա կցված էր քրեական գործին ու, անկեղծ ասած, մեզ համար անակնկալ էր: Այն, որ սահմամանդրորեն ոտնահարվել է որդուս՝ որպես ՀՀ քաղաքացու իրավունքները՝ տվյալ պարագայում հիվանդ զորակոչել են բանակ, զրկել բուժման իրավունքից, փոխանակ սրանք քննարկվեին դատարանում, դատավորի կողմից հարց հնչեց՝ նախկինում դատապարտված եղե՞լ ես 264 հոդվածով: Սուրենը շատ զարմացավ ու հարցրեց՝ իսկ դա որ հոդվա՞ծն է, ու կասե՞ք, թե ի՞նչ հանցանքի համար եմ դատապարտվել», – պատմել է մայրն ու զարմացած հարցրել՝ արդյո՞ք հնարավոր է, որ դատապարտված լիներ, սակայն մեզանից որևէ մեկը տեղյակ չլիներ:
«Անպայման պարզելու ենք, թե ո՞րտեղից է հայտնվել այս փաստաթուղթը, իսկ անկախ ամենի ինչից՝ դիմելու ենք Վերաքննիչ դատարան», – ասել է Զվարթ Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ ծառայությունից խուափելու համար 23-ամյա երիտասարդն արդեն երկրորդ անգամ է քրեական պատասխանատվության ենթարկվում: 2009 թ. հունիսին բանակ զարակոչված տղային առաջին անգամ մեկ տարով քրեական պատասխանատվության են ենթարկել ծառայությունից մեկ ամիս հետո` հոկտեմբերի 7-ին: Նա ձերբակալվել է Քր. օր.-ի 361-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, որը պատասխանատվության է ենթարկում պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ինչպես նաև, առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալու համար:
Տղայի առողջական վիճակն այդ ընթացքում արդեն խիստ բարդացել է. ծառայության ընթացքում զինվորական համազգեստի պատճառով խալերը մեծացել են, առաջացել են այլ առողջական խնդիրներ` կապված ստամոքսի և աղիների հետ: Մայրը պատմել է, որ ոչ մի բժշկական օգնություն չստանալով` զինվորը դիմել է փախուստի` դրանում տեսնելով միակ փրկությունը: Նրան` մեկ տարի 27 օր փնտրելուց հետո (որից 5 ամիսը զինծառայողը տանն է անցկացրել) հայտնաբերել են և մեղադրանք առաջադրել ծառայությունից խուսափելու համար: Արդեն մեկ տարի է` Սուրենն անազատության մեջ է: Մոր խոսքով` նրա պահանջը մեկն է եղել` բուժել իրեն, ինչից հետո նա պատրաստ է շարունակել ծառայությունը: