Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն իր նախընտրական քարոզարշավը սկսել է գյուղից: Այսօր նա հանդիպում է ունեցել Վերին Արտաշատում, որը, ըստ նրա, առաջնային դեր ունի խաղողագործության ոլորտում: Բագրատյանի հետ հանդիպմանը մասնակցելու էին եկել նաև շրջանի այլ գյուղերից:
Թեկնածուն ներկայացրել է գյուղացու կյանքը փոխելու իր ծրագիրը, որը, ըստ նրա, ուղղված է նախևառաջ փոքր բիզնեսի զարգացմանը և մարզերում տնտեսության զարգացմանը:
Համաձայն Բագրատյանի ներկայացրած ծրագրի՝ գյուղացին, բացի հողի սեփականատեր լինելուց, փայ է ունենալու ստեղծվելիք երկու կոոպերատիվներում՝ փորք ագրարասերվիսային ձեռնարկությունում և վերամշակման ընկերությունում: Նման մեխանիզմը, ըստ տնտեսագետի, շահավետ է լինելու գյուղացու համար, քանի որ նա վաճառելու է ոչ թե խաղողը, այլ գինենյութը, ոչ թե լոլիկը, այլ տոմամտի հիմնանյութը:
Գյուղացիներից ոմանք, հարց տալու իրավունքն օգտագործելով, ասել են, որ հիշում են այն տարիները, երբ Բագրատյանը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, սակայն դրական հիշողություններ այդ ժամանակահատվածից չունեն:
Բագրատյանն ասել է, որ ինքը 100% մաքուր խղճով է եկել, և ինքն է ժամանակին հող տվել գյուղացուն, իսկ հիմա կորպորացիա կտա:
Գյուղացիները թեկնածուից հետաքրքրվել են՝ ինչպես է պատրաստվում լուծել իրենց հուզող առաջնային խնդիրները՝ գազի, ջրի, ազատական պարարտանյութի գներն իջեցվելու են արդյոք, ինչպես է ազատելու իրենց վարկերի, ինչպես է լուծելու ավանդների հարցը և այլ հիմնահարցեր:
Բագատյանն ասել է, որ ջրի գինը երկու անգամ պետք է իջնի, գազի գնի հարցում ՀայՌուսԳազարտի վարած քաղաքականությունը պետք է փոխվի, քանի որ այն չի կարող շարունակել 180 դրամով գնելով ռուսական գազը՝ ժողովրդի վրա վաճառել 400 դրամով, իսկ պարարտանյութի գնի իջեցումը կատարվելու է մենաշնորհի վերացման միջոցով:
Հիմնականում խաղողի արտադրության մեջ մասնագիտացած գյուղի բնակիչներին անհանգստացրել է այն, որ գործարանները ցածր գնով են խաղող մթերում, արդյունքում՝ իրենք եկամուտ չեն ունենում և վարկեր են վերցնում՝ այդտեղ ևս խաբվելով տոկոսների հարցում:
«Մթերումը առնվազն 180 դրամով պետք է արվի, եթե մի կիլոգրամը ձեր վրա նստում է 110 դրամ, վատ չի լինի: Ինչ վերաբերում է վարկերին, ապա, այո, 20%-ով վարկ վերցնել իրականում 30% է նստում ձեր վրա, ահա թե ինչու բանկերը աշխատում են 53% շահութաբերությամբ»,- ասել է Բագրատյանը՝ նկատելով, որ բանկերը «ժողովրդի ամորձիները բռնած ման են գալիս»: