Այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը դրական է գնահատել Սերժ Սարգսյանի որոշումը խոսել իր կողմից ուղարկած առաջարկի մասին:
Ընդդիմության առաջնորդի խոսքով՝ իրենց մոտեցումն այն է, որ պետք է բոլոր տեսակի շփումները բաց և թափանցիկ լինեն՝ ժողովրդի աչքի առջև:
Այդ իսկ պատճառով Րաֆֆի Հովհաննիսյանն ընթերցել է իր առաջարկների երկու փաթեթ, որոնք խոստացել է հանրահավաքից հետո ուղարկել Սերժ Սարգսյանին:
Իր խոսքում Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծել է, որ առաջարկների երկրորդ փաթեթը հնարավորություն է տալիս Սերժ Սարգսյանին շարունակել պաշտոնավարել որպես կեղծված նախագահ՝ չունենալով ժողովրդի քվեն:
«Նաև այդ հնարավորությունը պետք է տանք Ձեզ», – հայտարարել է ընդդիմության առաջնորդը:
Հովհաննիսյանի առաջին առաջարկը նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումն է:
Երկրորդ փաթեթի հիմնական պահանջն այս տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է:
Նախքան դա անելը Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է.
– Ընտրական օրենսգրքում իրականացնել փոփոխություններ՝ վերացնելով մեծամասնական ընտրակարգը, թողնելով բացառապես համամասնականը:
– Թույլատրել ընտրություն կատարած քաղաքացիների ցուցակների հրապարակումը:
– Վերականգնել քաղաքական կուսակցական սկզբունքը կենտրոնական ընտրական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձևավորման համար:
– Այլ երկրում ապրող Հայաստանի քաղաքացիների քվեարկության ապահովում կամ նվազագույնն ընտրացուցակներներից նրանց անունների հանում:
– Առնվազն 5 մարզպետների աշխատանքից ազատում և այդ պաշտոններում ժողովրդի, հանձինս Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացված մարդկանց նշանակում:
– Հիմնական ընտրակեղծարար քաղաքապետերի և գյուղապետերի աշխատանքից ազատում՝ օգտագործելով կառավարության լիազորությունները:
– Բոլոր ընտրակեղծարարների առանց բացառության, այդ թվում՝ մարզպետերի, քաղաքապետերի, կուսակցական պատասխանատուների, այլ պաշտոնյաների քրեական պատասխանատվության ենթարկում:
Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է հետևյալ հաստատությունների ղեկավարների պաշտոններում նշանակել ժողովրդից՝ հանձինս Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց. ՀՀ գլխավոր դատախազություն, Պետեկամուտների կոմիտե, Ազգային անվտանգության ծառայություն, Արտաքին գործերի նախարարություն, Կրթության և գիտության նախարարություն, Արդարադատության խորհուրդ, Վերահսկիչ պալատ, Հակակոռուպցիոն հանձնաժողով:
Երկրորդ փաթեթի եզրափակիչ դրույթի համաձայն, պայմանագիրը ենթակա է երկուստեք ստորագրման և դրանում ամրագրված դրույթներն անբեկանելի են մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը:
Ընթերցելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկներով նամակը դրեց ծրարի մեջ և մակագրեց՝ «Րաֆֆի Հովհաննիսյանից պարոն Սերժ Սարգսյանից»: