հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ջհանգիրյանը բացատրել է՝ ինչու է պետք Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծել. ՀՀԿ-ն դեմ է

Ջհանգիրյանը բացատրել է՝ ինչու է պետք Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծել. ՀՀԿ-ն դեմ է

ԱԺ-ի այսօրվա նիստին քննարկվել է ՀԱԿ խմբակցության առաջարկած 2008թ. մարտի 1-ի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը: Նախագծի հիմնավորումներ ներկայացրել է ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը:

Պատգամավորը հորդորել է ինչպես ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում, այնպես էլ բոլոր պատգամավորների հետ հարցը քննարկել բացառապես իրավական, փաստական տեսանկյունից:

«Մարտի 1-2-ին կատարված սպանություններից, մարդկանց վնասվածքներ պատճառելու դեպքերի գործով թեև 83-ից ավել քաղաքացիների դատի են տվել, բայց նույնիսկ այդ անձինք չեն դատապարտվել: Այսինքն՝ գործերի բացարձակ մեծամանսությունը բացահայտված չէ»,- ասել է Ջհանգիրյանը:

Նա նկատել է, որ ոչ մի գործով փաստացի աշխատանքներ այս պահին չեն տարվում, սակայն ցանկության դեպքում, գործերը հնարավոր չէ չբացահայտել:

ՀԱԿ անդամը կարևոր խնդիր է համարել նաև այն, որ Մարտի 1-ին 10 սպանվածների իրավահաջորդները, վնասվածքներ ստացած քաղաքացիները չեն ստացել համապատասխան փոխհատուցում, շատերը նույնիսկ տուժող չեն ճանաչվել:

Գագիկ Ջհանգիրյանին հարցրել են՝ ինչու էր ՀԱԿ-ը հրաժարվել մասնակցել Մարտի 1-ի հարցով զբաղվող ԱԺ նախորդ հանձնաժողովի աշխատանքին:

Պատգամավորն ասել է, որ ՀԱԿ-ին տրվել է միայն խորհրդակցական ձայնի իրավունք և հանձնաժողովը քաղաքական առումով սխալ համամասնությամբ կազմ է ունեցել՝ գերակշռել են իշխող ուժերի ներկայացուցիչները, ինչն անընդունելի է եղել:

Ջհանգիրյանը նշել է, որ այս պահին առաջարկվում է նոր հանձնաժողովում ներգրավել երկու ՀՀԿ-ական պատգամավոր և մեկական պատգամավոր մյուս բոլոր խմբակցություններից:

Հիմնավորումները լսելուց հետո ելույթ են ունեցել ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանը, Մարգարիտ Եսայանը, Կորյուն Նահապետյանը, ովքեր դեմ են արտահայտվել ԱԺ-ում Մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելուն: Նրանց կարծիքով՝ Մարտի 1-ի հարցով պետք է զբաղվի Գլխավոր դատախազությունը, իրավապահ մարմինները, ոչ թե ԱԺ հանձնաժողովը:

«Հանձնաժողովը փրկօղակ չէ: Եթե նույնիսկ փորձենք շոու չսարքել այս հանձնաժողովի գործունեությունը, միևնույն է դառնալու է շոու: Միևնույն է՝ դրա մասին գրելու են լրատվամիջոցները: Կներեք, հանձնաժողի անդամները զբաղվելու են պոպուլիզմով, ամեն մեկը փորձելու է իր կաշին փրկել, ամեն մեկը փորձելու է իր մեղքի բաժինը թեթևացնել, ուրիշինը ծանրացնել: Մենք կարող ենք բարոյական լուծում տալ,  բայց դա չէ, որ զոհերի հարազատներն ուզում են: Եթե լավամարդ եք ուզում լինել, ես այդ գործում չկամ»,-  ասել է Մարգարիտ Եսայանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իր խմբակցությունը կողմ է հանձնաժողով ստեղծելու առաջարկին:

«Եթե ինչ-որ մարդիկ Նոստրադամուսն են, ու գիտեն, որ հանձնաժողովը վատ է աշխատելու, ես այդ մասին չգիտեմ», – ասել է Նաիրա Զոհրաբյանը՝ կոչ անելով հանձնաժողովին աշխատելու հնարավորություն տալ:

Հիշեցնենք, որ 2008 թվականին մարտի 1-ի վաղը առավոտյան ոստիկանության զորքերը ջախջախեց 10 օր Ազատության հրապարակում խաղաղ հանրահավաքներ անցկացնող ընդդիմության վրանային ավանը: Ոստիկանական ուժերի հարձակումը սկսվեց մինչև 07:00-ն, իսկ Ազատության հրապարակից դուրս մղված մարդկանց իրավապահները դեռ երկար հետապնդում էին:

Ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ երեկոյան ոստիկանության կողմից հրազեն կիրառվեց և  զոհվեց առնվազն 10 մարդ՝ Տիգրան ԽաչատրյանըԳոռ ՔլոյանըՏիգրան ԱբգարյանըԱրմեն ՖարմանյանըԴավիթ ՊետրոսյանըՀամլետ ԹադևոսյանըՀովհաննես ՀովհաննիսյանըԳրիգոր Գևորգյանը, Սամվել Հարությունյանը և Զաքար Հովհաննիսյանը: Մինչ օրս սպանությունների համար ոչ ոք չի դատապարտվել: