Ոստիկաններից շատերը տեղյակ չեն եղել, որ ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցման հիմնադրամին փոխանցված ավելի քան 20 միլիոն դրամ գումարն իրենց աշխատավարձերից է պահվել: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է ոստիկանական համակարգի աշխատող, ով խնդրել է չհրապարակել իր անունը:
Նա պատմել է, որ իր գործընկերներից շատերը հանկարծակիի են եկել, երբ օրերս աշխատավարձ ստանալուց պարզել են, որ յուրաքանչյուրի աշխատավարձից որոշակի գումար է պակասում:
«Վլադիմիր Գասպարյանի հանգանակությունը, որ նման հնչեղություն ունեցավ, արվել է աշխատակիցներից թաքուն: Գոնե կարո՞ղ էին զգուշացնել, նոր պահումներն անել: Այնինչ ոստիկանապետը գլուխ է գովում, թե՝ տեսեք, հանգանակություն ենք արել: Իսկ ում հաշվին է արել, դա չի նշում: Ոստիկանները աշխատավարձը ստանում են բանկային քարտով, գումարը հանում են, տեսնում եմ, որ 5000-10000-ական դրամ պակասում է: Ոչ ոք մինչ օրս չի պարզաբանել, թե ինչ նպատակով են պահումներ արվել ոստիկանների աշխատավարձերից», – ասել է մեր զրուցակիցը:
Խնդրի առնչությամբ Еpress.am-ը զրուցել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ, ով բացառել է հանգանակության գաղտնիությունը և շեշտել, որ դրամահավաքը կատարվել է կանխիկ:
«Ստորաբաժանման ղեկավարներն ասել են, որ ոստիկանությունը այսպիսի ծրագրի է մասնակցում և ով ուզում է՝ կարող է միանալ, իհարկե՝ ըստ ցանկության:
Ասվել է հանգանակության մասին, ընդ որում՝ ասվել է, որ դա կամավոր է: Այնպես չէ, որ մեծ գումարներ են փոխանցվել՝ 1000 դրամից ավել չի վերցվել: Պատահել է, որ մեր աշխատակիցներն ի սրտե ցանկություն են հայտնել փոխանցել ամբողջ աշխատավարձը, սակայն մենք բացառել ենք: Ինչ վերաբերում է նրան, թե հանգանակությունը գաղտնի է արվել, դա ևս բացառում եմ. առանց որևէ մեկի գիտության նման բան չի արվել: Աշխատավարձից պահումները ևս անհնար են, տեխնիկապես նման բան լինել չի կարող», – ասել է Ահարոնյանը:
Նա նշել է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նվիրաբերել է մեկ ամսվա ամբողջ աշխատավարձը:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Գասպարյանը Արմավիրի մարզի՝ կարկուտից տուժած համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել էր, որ ոստիկանությունն անմասն չի մնա բնական աղետից տուժած հողագործների խնդիրների լուծմանն աջակցելուց, և այդ ուղղությամբ արդեն իսկ գործնական քայլեր են արվել. մասնավորապես, ոստիկանության անձնակազմը հանգանակություն է սկսել՝ դրամական միջոցներով արմավիրցիներին օգնելու համար:
Մայիսի 29-ին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցման հիմնադրամին է փոխանցվել ավելի քան 20 միլիոն դրամ գումար: