Ահաբեկչության դեմ պայքարը գտնվում է ԱՊՀ մի շարք երկրների, այդ թվում և Հայաստանի ուշադրության կենտրոնում: Այս մասին հոկտեմբերի 8-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը ափսոսանք է հայտնել, որ ԱՊՀ տարածքում այսօր էլ կան երկրներ, որտեղ տիրում է միջազգային և միջդավանական թշնամանքը և որտեղ ծնվում են այլատյացությունն ու ահաբեկչությունը: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ԱՊՀ որոշ երկրներ, այս կամ այն ազգը համարելով իրենց թշնամին, պետական մակարդակով ատելություն են սերմանում նոր սերնդի մեջ:
ՀՀԿ-ականի խորին համոզմամբ՝ ահաբեկչությունը ծնվում է այնտեղ, որտեղ բացակայում է հանդուրժողականությունը, ինչն էլ հանգեցնում է արմատական ազգայնամոլական տրամադրությունների:
Նշենք, որ 2012 թվականի մայիսին, երբ Երևանի կենտրոնում գտնվող DIY բարը պայթեցրել էին ազգայնականներ Արամեհ և Համբիկ Խաբազյանները, Էդուարդ Շարմազանովը աջակցել էր վերջիններիս՝ չդատապարտելով եղբայրների գործողությունները, փոխարենը ասելով, որ բոլոր նրանք, ովքեր «փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասարակությունը այլասերող համասեռամոլներին, պղծում են հայերիս ազգային նկարագիրը»:
Այդ հայտարարությունից հետո «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության ղեկավար Մամիկոն Հովսեփյանը դիմել էր ԱԺ-ի էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով քննել Շարմազանովի հայտարարության պատգամավորի էթիկային համապատասխանելու հարցը: Հովսեփյանը նշել էր, որ, մասնավորապես, Շարմազանովը հրապարակայնորեն արդարացնելով ատելության հիմքով կատարված հանցագործությունը, խախտել է ՀՀ ԱԺ կանոնակարգի դրույթները, ինչպես նաև պաշտոնավարման երդումը:
Մի շարք հասարակական կազմակերպություններ DIY-ի պայթեցումն անվանել էին «հստակ տեռորիստական ակտ էր՝ ուղղված փոքրամասնություների դեմ»