Home / Տեսանյութեր / Հայաստանում ջերմոցային տնտեսությունները փակվում են գազի գնի պատճառով

Հայաստանում ջերմոցային տնտեսությունները փակվում են գազի գնի պատճառով

Գազի գների բարձրացումը ճակատագրական դեր կարող է խաղալ Հայաստանում ջերմոցային տնտեսությունների գոյության համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը: Նրա տվյալներով՝ այս տարի լոլիկի գարնանային ցանքսը (կատարվում է ձմռանը) 12 հա քիչ է եղել:

«Արդեն փակվել է Սևանի ջերմոցային տնտեսությունը, էջմիածնի «Աղավնարան» ջերմոցային տնտեսությունը: Ջերմոցատերերը ասում են՝ ավելի լավ է արևի էներգիայով տնտեսություն ունենամ, հարյուր դրամ աշխատեմ, քան միլիոնները ստանամ, բայց տամ «Գազպրոմին» ու շահույթ չունենամ», – պատմել է Գևորգյանը:

Լրագրողները հիշեցրել են, որ Կառավարությունն ընդունել է ջերմոցային տնտեսությունների հայեցակարգ, սակայն, ըստ Գևորգյանի, դրանով խնդիրները չեն լուծվում:

«Ավելի լավ էր՝ այդ հայեցակարգը չընդունվեր: Մեր բարձրացրած ոչ մի հարց տեղ չի գտել հայեցակարգում»,- ասել է նա:

Նշենք, որ ջերմոցատերերն առաջարկում էին հատուկ գազի գներ սահմանել ջերմոցային տնտեսությունների համար. այն է՝ ջերմոցներին վաճառել գազը ավելի էժան սակագնով (276 դոլարով) ոչ թե 10 հազար խ.մ., այլ 5 հազար խ.մ. ծախսը գերազանցելու դեպքում:

Ջերմոցատերերին քիչ գազ վառելու համար կառավարությունից խորհուրդ են տվել նորագույն տեխնոլոգիաներ գնել, սակայն հրաժարվել են այդ տեխնոլոգիաները ներմուծելու դեպքում սահմանված բարձր հարկերը հանել: Ջերմոցատերերը նաև խնդրել էին, որպեսզի գազի համար պարտքերն իրենց թույլ տան վճարել միայն գարնանը՝ բերքը վաճառելուց հետո: Այդ առաջարկը ևս մերժվել է:

«Մենք այլևս «Գազպրոմից», ՀՀ կառավարությունից որևէ հույս չունենք: Մենք ցանկանում ենք և աշխատում ենք էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ունենալու ուղղությամբ: Մենք պետք է բանկրոտի հասցնենք «Հայռուսգազարդ»-ին, որ խնդրի՝ մենք իրենցից գազ առնենք»,- ասել է Պողոս Գևորգյանը:

Փորձագետի խոսքով՝ կառավարությունը ոչինչ չի անում ջերմոցային տնտեսությունը զարգացնելու համար, չի նպաստում էներգիայի հարցը լուծելուն, ոչ մի կերպ չի խրախուսում ներդրումները: Այսպես, ներդրողները, չստանալով պետական երաշխիքներ, բիզնեսները հիմնում են Վրաստանում: