Home / Տեսանյութեր / Սփյուռքահայ ներդրողի «ուժը չի պատում» «Գազպրոմ»-ին դատի տալ

Սփյուռքահայ ներդրողի «ուժը չի պատում» «Գազպրոմ»-ին դատի տալ

Ավելի քան չորս տարի է՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն (մինչև 2014 թվականը՝ «Հայռուսգազարդ») սպառված գազի գինը կեղծում է՝ պահանջելով «Ալիշան» պահածոների գործարանին օգտագործած գազի գնից 20%-ից ավել գումար վճարել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ալիշան»-ի հիմնադիր Սերժիկ Մոսեսյանը:

«Բոլորին էլ խաբում են, բայց ինձ շատ, քանի որ ես տեղացի չեմ: Ես Իրանից եմ եկել»,- ասել է Մոսեսյանը:

Լրագրողների հարցին, թե ինչու գործարարը դատարան չի դիմում, վերջինս պատասխանել է. «Դուք էլ գիտեք, որ «Գազպրոմ»-ին դատի տալու համար իմ ուժը չի պատի: Ես ուզում եմ դիմել մեր իշխանություններին, նրանց ուշադրությունը հրավիրել: Նախագահը հայտարարել է, որ խրախուսվելու է հայրենադարձությունը, ներդրումները Հայաստանում»:

Նրա խոսքով՝ վերջին անգամ ստացած ծանուցումը ապշեցրել է իրեն: Դա եղել է փաստաթուղթ այն մասին, որ «Ալիշան»-ը 1 միլիոն 900 հազար դրամ պարտք է: Մոսեսյանը նշել է, որ այդ փաստաթուղթը օրինական չէ, քանի որ չի պարունակում տեղեկատվություն այն մասին, թե որ ամսվա պարտքի մասին է խոսքը:

Նամակում նշված է եղել նաև, որ եթե 3 օրվա ընթացքում պարտքը չմարվի, գազի մատակարարումը կդադարեցվի: Որ երեք օրերի մասին է խոսքը՝ փաստաթղթում նույնպես նշված չի եղել։

Մոսեսյանն ասում է, որ եթե այդպես շարունակվի, ինքը կփակի գործարանը: «Ալիշան» ընկերությունն ունի 60 աշխատող:

Նշենք, որ այսօր թեմայի շուրջ ասուլիսին հրավիրված էին նաև «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցիչները, սակայն նրանք նամակով պատասխանել էին, որ նպատակահարմար չեն համարում մասնակցել հրապարակային հանդիպումների, այլ ցանկանում են «Ալիշանի» հետ մասնագիտական քննարկումներ ունենալ: