Home / Հայաստան / «Մարտի 1-ի հավաքով հետ ենք բերելու 2008-ի կորսված գարունը»․ ազատամարտիկներ

«Մարտի 1-ի հավաքով հետ ենք բերելու 2008-ի կորսված գարունը»․ ազատամարտիկներ

Արցախյան պատերազմի մասնակից մի խումբ ազատամարտիկներ այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել հայրենիքի ապագայով մտահոգ հայրենակիցներին, մարտական ընկերներին Մարտի 1-ին, ժամը 13․00-ին հավաքվել Սարյանի պուրակում կայանալիք համահավաքին, այնուհետ միանալ Ազատության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին։ Ռազմադաշտային հրամանատարների ընդլայնված խորհրդի աշխատանքային խմբի անունից նման հայտարարությամբ են հանդես եկել ազատամարտիկներ Սուրեն Սարգսյանը, ՀԱԲ -ի «Ղարս» գնդի հրամանատար Ասլան Գրիգորյանը, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը, «Մեծն Տիգրան» գնդի հրամանատար ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը, ազատամարտիկներ Սուսաննա Մարգարյանը, Վարդան Մալխասյանը:

«Հայաստանի պետականությունը վտանգված է, քանզի պետության ղեկը հայտնվել է գողերի ու ավազակների ձեռքերում: Յուրաքանչյուր իշխանություն իր նախորդից ավելի ագահ է, կեղեքիչ ու թալանչի: Հայաստանի ունեցվածքը գրեթե իսպառ օտարվել է: Հայ ժողովուրդն իր հայրենիքում զրկված է արժանապատիվ աշխատանքով իր երեխաներին պահելու հնարավորությունից, ինչի արդյունքում մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ ընտանիքներով հեռացել են երկրից, դատարկվել են սահմանամերձ գյուղերը: Ապօրինի իշխանությունների ջանքերով երկրում բարոյազրկվում է ամեն ինչ՝ եկեղեցիները եվրանորոգման են ենթարկվում, դպրոցական ծրագրերը օրեցօր ավելի են օտարացվում, խեղաթյուրվում է ամենը, ինչ հայկական է ու ավանդական, իսկ պատերազմի և հաղթանակի տարիները ներկայացվում են որպես մթի ու խավարի տարիներ»,- ասված է հայտարարությունում։

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը վստահեցրել է, որ մեկ օրվա ազգովի համախմբումը Հայաստանում վերջ է դնելու տխրահռչակ ապօրինի իշխանությունների գործունեությանը, և այդ օրը լինելու է Մարտի 1-ի ողբերգական օրը։

«Հայաստանի իշխանագողերի ձեռամբ պղծվում է ամեն ինչ, վերջին ցայտուն օրինակը «Երկրապահ կամավորականների միության» օտարումն էր հայ ժողովրդից՝ տխրահռչակ Սերժ Սարգսյանի ձեռամբ, երբ վերջինս բաժանարար գիծ գծեց իշխանության և հայ ժողովրդի միջև: ԵԿՄ համագումարում իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում Արցախյան հերոսամարտի հետ կապ չունեցող մարդիկ: Այդ օրը իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանը պատերազմ հայտարարեց հայ ժողովրդին»,- ասել է ազատամարտիկը:

Սուրեն Սարգսյանը նաև կոչ է արել իշխանության հանցավոր գործունեությունը քննադատող տարբեր ուժերին, կուսակցություններին ու հասարակական կազմակերպություններին ՝ «վերջապես խոսքից անցնել գործի, ցուցադրել համաժողովրդական միասնություն և դուրս գալ հրապարակ»:

«Մարտի 1-ի հավաքով հետ ենք բերելու 2008 թվականի Հայաստանի կորսված գարունը, գնդակահարված հոկտեմբերի 27-ը։ Անկախ կուսակցական պատկանելությունից ու դիրքից՝ բոլորը բողոքում են այս իշխանությունից, ուստի մենք կոչ ենք անում ազգովի հավաքվել մեկ օր ու վերջ դնել տխրահռչակ իշխանությունների գործունեությանը», – ասել է Սարգսյանը։

Լրագրողների հարցերին ի պատասխան, թե ավելի կոնկրետ ինչ գործողություններ են նախատեսում անցկացնել վերոնշյալ օրը և արդյո՞ք հնարավոր է Մարտի 1-ին իշխանափոխություն անել Հայաստանում, նախկին քաղբանտարկյալ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը պատասխանել է, որ իրենք հստակ գիտեն իրենց անելիքը, մնացածը կորոշվի տեղում։

«Այդ օրը շատ վճռական է լինելու ու եթե նկատի ունեք բուրդը թափած ուղտին՝ Գալուստ Սահակյանին, երբ ասում էր, որ իրենք ավելի ուժեղ են, այժմ զգուշացնում ենք՝ իշխանության կողմից չենք հանդուրժելու որևէ բռնություն։ Մենք ժողովրդի կողքին ենք, ու ցանկացած բռնազավթած իշխանավորների կողմից ցանկացած ոտնձգություն համարժեք պատասխան է ստանալու։ Մենք մեր երկիրը ոչ մեկի չենք տալու՝ հատկապես Սերժիկի պես հանցագործներին։ Բոլոր թալանչիները պատասխան են տալու՝ Քոչարյան Ռոբերտի ունեցվածքը, որ գողացված է, փակելու է Հայաստանի արտաքին պարտքը», – նշել է Սարգսյանը։

Հանդիպման մասնակից կին ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանն էլ կոչ է արել այդ օրը միասնական լինել։ «եթե ես, որպես կին կանգնած եմ, ուրեմն դուրս եկեք ու ձեր տղամարդկությունը ցույց տվեք», – ասել է նա։