Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը՝ կնոջ և չորս մանկահասակ երեխաների հետ, հերթական անգամ անժամկետ նստացույց է հայտարարել նախագահական նստավայրի դիմացի մայթին։ Նա պահանջում է վերանայել մարզի քննիչի՝ գործը կարճելու որոշումը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Խուդոյանի կինը՝ Հեղինե Մակարյանը։
Խուդոյանը բողոքում է պապական կտակի կեղծելու դեմ՝ պնդելով, որ դրանում մեղավոր են քույրը, եղբայրը, ինչպես նաև դատախազն ու կադաստրի աշխատակիցները: Նա մի քանի անգամ նստացույց է արել նախագահական նստավայրի մոտ, կարել է բերանը: Խուդոյանի պահանջով քրեական գործ էր հարուցվել։
Հեղինե Մակարյանի խոսքով՝ կարճման մասին քննիչի որոշումն իրենք ստացել են մարզի դատախազությունից մարտի 15-ին։
«Քննիչն առանց անդրադառնալու մեր դիմումներին, մի շարք կարևոր օրենքներ շրջանցելով, ապօրինի կարճել է քրեական գործը», – նշել է Մակարյանը։
Նա նշել է, որ նախագահական նստավայրից ու գլխավոր դատախազից պահանջելու են հետ կանչել քննիչի որոշումը, հակառակ դեպքում՝ վաղվանից նստացույցը շարունակելու են Գլխավոր դատախազության մոտ։
Ավելի ուշ Մակարյանին հրավիրել են նախագահական նստավայրի նամակների բաժին, զրուցել վերջինիս հետ, ապա նշել, որ պետք է դիմում ներկայացնել։
«Էնքան ենք նստելու, եթե, իհարկե, ոստիկաններն էլի չգողանան, մինչև էս երկրում վերջապես հասկանան, որ օրենքը միայն մեզ համար չէ, այլ նաև կեղծիք թաքցնող պաշտոնյաների», – ասել է Հեղինե Մակարյանը։