Երկու անձանց պատանդ վերցնելու և նրանց հարազատներից գումար պահանջելու մեջ մեղադրվող Հրաչյա Գևորգյանին հրաժարվում են քրեակատարողական հիմնարկում բժշկական օգնություն ցույց տալ կամ տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։
«Հելսինկյան ասոցիացիայի» դիտորդ Արման Վեզիրյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ Գևորգյանի վիճակը խիստ վատացել է երեկ, երեկոյան նրան խոստացել էին, որ առավոտյան հիվանդանոց կտեղափոխեն, սակայն մինչ այս պահը նա շարունակում է ՔԿՀ-ում մնալ։
Գևորգյանը երկու ասեղ էր կուլ տվել՝ նման կերպ բողոքելով ձգձգվող դատավարությունից։ Նա կալանքի տակ է 2011 թվականից, բայց առաջադրվող մեղադրանքը չի ընդունում։
Վեզիրյանի խոսքով՝ բժշկական զննությունը ցույց է տվել, որ Գևորգյանի կուլ տված ասեղներից մեկը խրվել է նրա լյարդում, մյուսը՝ ստամոքսի մեջ, մեխը, որը նա ավելի վաղ է կուլտ տվել, աղիքներում է։
Գևորգյանի մայրը՝ Նախշուն Ենգիբարյանը, այսօր հերթական անգամ որդու բուժման հարցը բարձրացրել է՝ նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա անցկացնելով։ Ենգիբարյանը Epress.am-ին հայտնել է, որ ինքը նախագահական նստավայրի նամակների բաժին է հանձնել մի փաստաթուղթ, որտեղ գրել է, որ պատրաստվում է վաղը՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանությանը օրը, ինքնահրկիզվել, եթե իր որդուն որևէ օգնություն չտրվի։
Ենգիբարյանն ասել է, որ նման հիվանդին բժշկական օգնություն ցույց չտալը նրան դիտմամբ մահվան հասցնել է։ «Ես մի որդուս արդեն կորցրել եմ, չեմ կարող մյուսի մահն էլ տեսնել։ Ես ինձ կհրկիզեմ»,- ասել է Ենգիբարյանը։
Հիշեցնենք, որ Գևորգյանի գործի ձգձգումից դժգոհ նրա մայրը մի ագամ արդեն փորձել է ինքնահրկիզվել նախագահական նստավայրի դիմաց, սակայն ինքնավնասումը կանխվել է ոստիկանների կողմից։