Home / Հայաստան / Նոր օրենքն այլընտրանքային ծառայության համար դիմողներին ավելի շատ ժամանակ կտա

Նոր օրենքն այլընտրանքային ծառայության համար դիմողներին ավելի շատ ժամանակ կտա

Կառավարությունը առաջարկում է այլընտրանքային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարել` երկարացնելով նման ծառայության իրավունք ստանալու համար դիմումներ ներկայացնելու ժամկետները:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանն այսօր ԱԺ-ում օրինագիծը ներկայացնելով ասել է, որ այս պահին այլընտրանքային ծառայության վերջնաժամկետը գարնանային զինակոչի համար փետրվարն է, իսկ ներկայացվող օրինագծով առաջարկվում է վերջնաժամկետը դարձնել մայիսը։ Աշնանային զորակոչի համար առաջարկվում է վերջնաժամկետն օգոստոսից դարձնել հոկտեմբեր:

«Այս փոփոխությունը կապված է համալսարանների ընդունելության կարգը երկարացնելու հետ: Այսպիսով, ցանկացողները բավարար ժամանակ կունենան դիմելու զինկոմիսարիատներ, վերջիններս կփոխանցեն դիմումներն այլընտրանքային ծառայության հանձնաժողով», – ասել է Մուրադյանը:

Զեկուցողը հիշեցրել է, որ մարդիկ դիմում են այլընտրանքային ծառայության կրոնական դավանանքի պատճառով, որն արգելում է զենք կրել: Համաձայն օրենքի՝ զինված ուժերի ստորաբաժանումների և զորամասերի հրամանատարներին ու անմիջական այլ ղեկավարներին արգելվում է այլընտրանքային ծառայողներին ծառայության ընդգրկել ռազմական ստորաբաժանումներում, նրանց տալ մարտական բնույթի հրամաններ, ինչպես նաև՝ զենք և զինամթերք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ կապված հանձնարարություններ: Հանձնաժողովն ամեն տարի 100 այլընտրանքային ծառայության դիմում է ստանում: Այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետն է 36 ամիս։