Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կարող է միանալ այն սահմանների շրջանակներում, որոնցով երկիրը միացել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
«Մենք Ադրբեջանի նախագահից ստացել ենք նամակ, որի համաձայն՝ Հայաստանը ԱՀԿ-ին միացել է այն պայմանով, որ դրույթները պետք է տարածվեին Հայաստանի տարածքի վրա, երկրի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային սահմանների շրջանակներում։ Սա՝ քննարկման համար»,- ասել է Նազարբաևը։
Հայաստանը ԱՀԿ-ին միացել է 2003 թվականին՝ դառնալով կազմակերպության 145-րդ անդամը։ Այսօր ավելի վաղ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալ մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը։