Home / Հայաստան / Իրավապաշտպանն ասել է՝ ինչու Սահմանադրության օրը Հայաստանում իրականում տոն չէ

Իրավապաշտպանն ասել է՝ ինչու Սահմանադրության օրը Հայաստանում իրականում տոն չէ

Սահմանադարության օրը որպես տոն չի ընկալվում, որովհետև այն, կարծես, որևէ անգամ իրականում չի ընդունվել։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ ասել է իրավապաշտպան, «Իրավունքի գերակայություն» հ/կ-ի համահիմնադիր Արտակ Զեյնալյանը: Նշենք, որ Սահմանադրության օրը Հայաստանում նշվում է հուլիսի 5-ին․ այդ օրը 1995 թվականին ընդունվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

Զեյնալյանի խոսքով՝ Սահմանադրության ընդունումը բովանդակային նշանակություն ունի, կարևոր է ինչպես է այն ընդունվել, քանի որ դա հասարակական համաձանության ակտ է և անկախ այն հանգամանքից՝ կողմ ենք արտահայտվել, թե ոչ, բոլորը պետք է համոզված լինեն, որ մեծամասնությունը ընդունել է Սահմանադրությունը։ Իրավապաշտպանը նշել է, որ այդ դեպքում կձևավորվի ազատ մարդկանց հասարակություն, ինչը Հայաստանում որևէ անգամ տեղի չի ունեցել՝ սա իրողություն է։

Նա նշել է, որ Սահմանադրության որևէ հոդված որևէ անգամ հանրաքվեի չի դրվել, բայց Գյումրիում և Վանաձորում քաղաքի անվանափոխության հետ կապված երկու անգամ իրականացվել է հասարակական հարցման կարգավիճակ ունեցող տեղական հանրաքվե։

«Թե՛ 1995 թվականի, թե՛ 2005-ի խմբագրմամբ Սահմանադրությունը չի ընդունվել ժողովրդի կողմից, չկա այն ընկալումը, որ իրենց կամքով է իրականացվում իշխանությունը երկրում և ընդհանրապես այն ամենը, ինչը նախատեսված է Սահմանադրությամբ։ Որպեսզի Սահմանադրական փոփոխություններ իրականացվեն՝ պետք է լինի հասարակական պահանջ ու վստահություն ընտրական ինստիտուտների նկատմամբ։ Անվիճելի է, որ ընտրական ինստիտուտների նկատմամբ չկա վստահություն, դա հաստատված է բարձրագույն դատական ատյանի դատական ակտերով։ Սահմանադրական ցանկացած որակի փաստաթղթային փոփոխություններ, որոնք պետք է անցնեն այդ ընտրական ինստիտուտներով, չեն կարող ծառայել այն նպատակին, ինչ որ հետապնդում են», – ասել է բանախոսը։

Խոսելով ներկայումս քննարկվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մասին՝ Զեյնալյանը նշել է, որ հասարակությունն անտարբեր է դրանց նկատմամբ, ուստի Սահմանադրությունը փոխելու պահանջարկ լինել չի կարող։