Շուրջ 8 ամիս կալանավորված, կաշառք պահանջելու մեջ մեղադրվող ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի նախկին պետ Սահակ Հարությունյանի հարազատները, ընտանիքի անդամներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ գլխավոր դատախազության մոտ՝ պահանջելով ընդունելություն գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ։
Epress.am-ի հետ զրույցում Հարությունյանի կինը՝ Էլզա Սահակյանը պատմել է, որ թեև իրենց ընդունել են քաղաքացիների հայցերի ընդունման բաժնում, միևնույն է՝ ինքը շարունակում է հանդիպում պահանջել գլխավոր դատախազի հետ։
Նշենք, որ Այլընտարանքային ծառայության Արմավիրի ստորաբաժանման երկու աշխատակիցների` Ալեքսանդր Խաչատրյանի և Սահակ Հարությունյանի դեմ քրեական գործ է հարուցվել այն բանի համար, որ վերջիններս 2013թ. հոկտեմբերի 4-ին պահանջել և 2013թ. հոկտեմբերի 14-ին Էջմիածնում ստացել են 400.000 ՀՀ դրամ կաշառք՝ քաղաքացու նկատմամբ համաներում կիրառելու համար։
Հարազատների խոսքով՝ Հարությունյանն ընդհանրապես տեղյակ չի եղել կատարվածից, ավելին՝ գումարը ստանալու օրը մասնակցել է հորեղբոր հուղարկավորությանը։
«Ամուսնուս անմեղությունը հաստատում է նաև կաշառք տված քաղաքացին՝ Բաբկեն Բուդաղյանը, դատախազը պետք է հանի կիրառված հոդվածը, ինչը միտումնավոր չի անում։ Ամբողջ իմաստն այն է, որ թվեր են ապահովում, իբրև թե պայքարում են կաշառակերության դեմ», – ասել է Էլզա Սահակյանը։
Էջմիածնից Երևան եկած ակցիայի մասնակիցները գլխավոր դատախազություն էին հասել, որպեսզի հիշեցնեն Կոստանյանի՝ հրապարակային այն հայտարարությունը, թե անձամբ ինքն է պատասխանատու այն բանի համար, որ ոչ մի անմեղ մարդ չպատժվի։
«Նախկինում երկու հանդիպում եմ ունեցել դատախազների հետ և անլրջությունից ու ոչ պրոֆեսիոնալիզմից բացի ոչինչ չեմ տեսել՝ ստանդարտ խոսքեր, որ ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում, ես էլ պնդում եմ, որ ցույց տան գոնե մեկ փաստ, որի վրա մեղադրանքը պնդում են։ Հիմա էլ պատճառաբանում են, թե դատախազը զբաղված ա, մենք էլ հարցնում ենք օր ու ժամ, որ գան ու իրեն հարմար լինի։ Ամեն օր էլ բողոքելու ենք, մինչև կընդունի», – ասել է Էլզա Սահակյանը։
Ավելի վաղ պաշտոնյաներ Սահակ Հարությունյանի և Ալեքսանդր Խաչատրյանի պաշտպանները գործում առկա խախտումների մասին էին խոսել։
Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասել էր, որ Սահակ Հարությունյանն ընդամենը խոսել է տուժող Բաբկեն Բուդաղյանի հետ և ասել, որ իր հանդեպ համաներում կարող է կիռարվել, եթե նախկինում չի կիրառվել, և եթե նրա դեմ չկա քաղհայց, այսինքն՝ բացատրել է վերջինիս իրավունքները։
Գործով միակ ապացույցն այն է, որ Բուդաղյանը ստորաբաժանման առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանին տվել է 400 հազար դրամ կաշառք։ Խաչատրյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իր պաշտպանյալը թեև գումարը վերցրել էր, բայց ի պաշտոնե չէր կարող օգնել Բուդաղյանին ու փոփոխություններ կատարել համաներմամբ ազատ արձակվողների ցուցակում։ Բացի դա, Հովհաննիսյանը նշել էր, որ Բուդաղյանից ցուցմունքը կորզել են ճնշումներ գործադրելով։