Home / Տեսանյութեր / Տոնավաճառների ղեկավարները սպառնում են. առևտրականները բողոքում են ԱԺ֊ի մոտ

Տոնավաճառների ղեկավարները սպառնում են. առևտրականները բողոքում են ԱԺ֊ի մոտ

«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող առևտրականներն այսօր ժամը 10։00֊ից սկսել են հավաքվել Ազգային ժողովի դիմաց՝ ակցիա անցկացնելու և ԱԺ պատգամավորներին իրենց խնդիրները ներկայացնելու համար։ ԱԺ հերթական քառօրյան մեկնարկում է 12։00֊ին։

Epress.am֊ի հետ զրույցում առևտրականները, ովքեր հիմնականում հրաժարվում են ներկայանալ՝ անվտանգության նկատառումներից ելնելով, նշել են, որ այսօրվա ակցիային չկա մեկը, ով առևտրային կետ ունի Ոսկու շուկայում։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը կոտրել էր այն առևտրականների տաղավարները, ովքեր մասնակցել էին կառավարության շենքի մոտ կայացած ակցիային։

Այսօրվա ակցիայի մասնակիցները նշել են, որ տեղեկություններ ունեն, թե առևտրականներին սպառնացել են Մալաթիայի տոնավաճառի տնօրինությունը և «Փեթակ» առևտրի կենտրոնի ղեկավարները։ Նշենք, որ Մալաթիայի տոնավաճառը վերահսկում է ԱԺ ՀՀԿ֊ական պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ընտանիքը, իսկ «Փեթակը» պատկանում է ՀՀ նախագահական նստավայրի գործերի կառավարիչ Վարուժան Գրիգորյանին։

11։00֊ի դրությամբ ԱԺ֊ի մոտ արդեն իսկ 100֊ից ավել մարդ էր հավաքվել և բողոքի ակցիայի մասնակիցների հոսքն ավելանում էր։ Հիմնականում ներկա էին «Այրարատ» կինոթատրոնի տոնավաճառի և Գնունի փողողոցում գտնվող տոնավաճառի աշխատակիցները։

Մեր զրուցակիցներից մեկն ասաց, որ տոնավաճառներում աշխատողներն իզուր են վախենում իրենց տեղը կորցնելուց, քանի որ շրջառության հարկի պահպանման դեպքում իրենք միևնույն է չեն կարողանա աշխատել և ստիպված կլինեն «բիզնեսը կանգնացնել»։

Նշենք, որ շաբաթ օրը Facebook սոցիալական ցանցի իր էջում օրենքի խնդրահարույց բնույթի մասին գրել էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։