Home / Հայաստան / Հայ֊թուրքական սահմանի փակ լինելը շահավետ է Մոսկվայի համար․ թուրք տնտեսագետ

Հայ֊թուրքական սահմանի փակ լինելը շահավետ է Մոսկվայի համար․ թուրք տնտեսագետ

Հայ֊թուրքական սահմանի փակ լինելը շահավետ է Մոսկվայի համար։ «Հրանտ Դինք» հիմնադրամի՝ Անկարայի համալսարանում կազմակերպած «Զմռսված դարպաս. Թուրքիա – Հայաստան սահմանի ապագան» խորագրով համաժողովի ժամանակ նման կարծիք է հայտնել Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) փորձագետ Ուսսալ Շահբազը։

Համաժողովի հարցուպատասխանի ժամանակ Շահբազը համոզմունք է հայտնել, որ, սահմանը փակ պահելով, Մոսկվան պահպանում է իր ազդեցությունը Հայաստանում։ Նա նաև նշել է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից կտուժեն թե Հայաստանի տնտեսությունը, թե հայ֊թուրքական տնտեսական կապերը, քանի որ թուրքական ապրանքների գները հետագայում բարձրանալու են։

Շահբազը ներկայացրել է Հայաստանի ու Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության հնարավորությունների վերաբերյալ TEPAV֊ի իրականացրած ուսումնասիրությունը, որի համաձայն, Թուրքիան Հայաստանի չորրորդ ներմուծման գործընկերն է և 39֊րդ՝ արտահանման գործընկերը։ Տնտեսագետի խոսքով՝ բաց սահմանի միջոցով Թուրքիան կարող է դառնալ Հայաստանի երկրորդ կամ երրորդ արտահանման գործընկերն ու բարձրացնել Հայաստանի ՀՆԱ֊ն 1%֊ով։

Ըստ TEPAV֊ի ուսումնասիրության՝ Կարսի, Արդահանի, Իգդիրի մարզերը, ինչպես նաև Հայաստանն ունեն նվազող բնակչություն և թույլ տնտեսություն։ Շահբազը վստահություն է հայտնել, որ Հայաստանի ու Թուրքիայի սահմանամերձ մարզերը ունեն շատ քիչ փոխլրացնող արտադրանքներ՝ իրենց տնտեսությունը խթանելու համար, քանի որ երկու երկրների տնտեսություններն էլ հիմնված են գյուղատնտեսության վրա։ Փորձագետի պնդմամբ՝ հայկական ապրանքները կարող են ավելի մեծ պահանջարկ վայելել Ստամբուլում և Մարմարա ծովի շրջաններում, քան սահմանամերձ մարզերում։ Ուսումնասիրության համաձայն՝ միակ բնագավառները, որոնք առանձնանում են երկու երկրների համար զգալի փոխադարձ շահով, ՏՏ ոլորտն ու զբոսաշրջությունն են։

Շահբազի խոսքով՝ Երևանը Թուրքիայի արևելյան շրջանին մոտ ամենամեծ բնակեցված քաղաքն է, ինչը կարևոր փաստ է, քանի որ ներկայումս տեղացիներին մոտ խոշորագույն շուկան Գազիանթեփն է (նախկինում՝ Այնթապ)։

Կարսի նախկին մարզպետ Նաիֆ Ալիբեյօղլուն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ չնայած շրջանի աղքատ տնտեսությանը, գործարարները ներդրումներ կանեին մարզերում, եթե սահմանը բաց լիներ։ Ալիբեյօղլուի խոսքով՝ սահմանը փակ պահելով՝ Թուրքիան պատժում է արևելյան սահմանամերձ մարզերը, ինչը անհուսության մթնոլորտ է ստեղծում տեղի բնակիչների շրջանում։

Ուսսալ Շահբազը նաև անդրադարձել է սահմանը փակ մնալու դեպքում հասանելի հեռանկարներին։ Փորձագետը խոսել է Արդահան և Ջավախք գավառներում գտնվող Կարծախ լճի մոտակայքում նոր վրաց֊թուրքական սահմանային անցակետ բացելու հնարավորության մասին, որը զգալիորեն կկրճատեր Գյումրիից Կարս հեռավորությունը։

«Հրանտ Դինք» հիմնադրամի կազմակերպած համաժողովի մասնակիցները քննարկել են ոչ միայն հայ֊թուրքական սահմանի փակ մնալու հետ կապված տնտեսական խնդիրները, այլև դրա սոցիալ֊տնտեսական հետևանքները, ինչպես նաև այլ մշակութային և միջանձնային ծրագրեր։