Ավագ լեյտենանտ Հ․Ղազարյանը ձերբակալվել է դեկտեմբերի 2-ին պայմանագրային զինծառայող, 20֊ամյա Կարեն Անանյանին հրազենային վիրավորում հասցնելու մեղադրանքով, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Համաձայն Կոմիտեի պաշտոնական հաղորդագրության, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքում վիճաբանություն է եղել ավագ լեյտենանտ Հ.Ղազարյանի և պայմանագրային զինծառայող, շարքային Դ.Սարիբեկյանի միջև։ Ղազարյանն իրեն ամրակցված ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել, որի արդյունքում՝ ձախ ազդրի շրջանում հրազենային վիրավորում է ստացել Անանյանը: Վերջինս տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ներկայումս նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ղազարյանը մեղադրվում է զենքի գործադրմամբ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեջ։
Նշենք, որ երեկ aravot.am֊ը գրել էր, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին, և, կայքի տեղեկություններով, Անանյանի վիրավորումը ադրբեջանական ոտնձգության հետևանք է։
Epress.am֊ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չէր ցանկացել մեկնաբանել զինծառայողի վիրավորման մասին լուրը։