Home / Տեսանյութեր / «Շանթ Հարությունյանին անցանք»․ ոստիկանապետը հարցերին ըստ էության չպատասխանեց

«Շանթ Հարությունյանին անցանք»․ ոստիկանապետը հարցերին ըստ էության չպատասխանեց

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը կլոր սեղան է կազմակերպել 7 պետական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյան, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյան, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյան, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյան։

Քննարկումից հետո Վլադիմիր Գասպարյանը փորձել է աննկատ հեռանալ՝ չհանդիպելով լրագրողներին։ Վերջիններս, սակայն, կանխել են այդ փորձը և հասցրել են մի քանի հարց ուղղել Վլադիմիր Գասպարյանին, ով գրեթե ոչ մի հարցի ըստ էության չի պատասխանել։

Լրագրողներից մեկը հարցրել է ոստիկանության կողմից հավաքների ազատության խախտման դեպքերի, մասնավորապես, Շանթ Հարությունյանի՝ անցյալ տարի նախաձեռնած երթի կասեցման մասին։ «Անցանք, Շանթ Հարությունյանին անցանք», պատասխանել է Գասպարյանը։

Ոստիկանապետից նաև հետաքրքրվել են՝ ինչու իր ղեկավարած կառույցի մեծ թվով աշխատակիցներ ներկա չեն լինում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնած հավաքներին․ «Վստա՞հ եք, որ հեղափոխություն չի լինելու։ Չէ՞ որ դուք եք այս շարժման թիրախներից մեկը»։

«Այո, վստահ եմ։ Նման խժդժությունները լավ բանի չեն բերում։ Ես թիրախ չեմ լինում, ես թիրախավորում եմ», ֊ հայտարարել է Գասպարյանը։

Վերջինիս հարցրել են Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մասին, ում կողմից քաղաքացի Գրիշա Վիրաբյանին խոշտանգելու փաստը ապացուցված էր համարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ ՀՀ ոստիկանապետն այդ հարցին հրաժարվել է պատասխանել։

Գասպարյանին հիշեցրել են, որ ոստիկանության նախկին աշխատակից, «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանն ասել էր, թե իր տրամադրության տակ նյութեր ունի, որոնք ապացուցում են՝ Աշոտ Կարապետյանը շատերին է հետապնդել և «նրանց գլխին սարքել»։ Ի պատասխան՝ ՀՀ ոստիկանապետն ասել է՝ «կենդանիների մասին չեմ խոսում»։

Նա նաև վստահեցրել է, որ ոստիկանությունն ամենաբաց կառույցն է, ավելի բաց, քան որոշ այլ գերատեռսչություններ, որոնք պետք է ավելի թափանցիկ գործեն։ Հարցին, թե կոնկրետ որ կառույցը պետք է ավելի բաց լինի, ոստիկանապետը հայտարարել է․ «Գյուղատնտեսության նախարարությունը»։

Նշենք, որ, ի տարբերություն Գասպարյանի, ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը և Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարողացել են ժամանակից շուտ հեռանալ և խուսափել լրագրողների հետ նախատեսված ճեպազրույցից։

Օմբուդսմենի և բարձրաստիճան յոթ պաշտոնյաների հանդիպման ժամանակ Գասպարյանը գերատեսչությունների ղեկավարների անունից Կարեն Անդրեասյանին նվեր է մատուցել։

«Ես եմ նվիրում, բայց բոլորիս կողմից է։ Դե, ամեն մեկս մի քիչ ոստիկան է», ֊ ասել է Գասպարյանը, ինչին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը պատասխանել է․ «Այդ ձեզ է թվում»։

Օմբուդսմենը լրագրողների ներկայությամբ բացել է փաթեթը և ցույց տվել, որ իրեն նվիրել են ժամացույց և Աստվածաշունչ։

«Որպեսզի ճշտապահ լինենք և ուղուց չշեղվենք», ֊ մեկնաբանել է Կարեն Անդրեասյանը։