Home / Տեսանյութեր / Դատավորին խնդրել են կանխավարկածներից դուրս գալ․ երեխայի համար վեճը՝ դատարանում

Դատավորին խնդրել են կանխավարկածներից դուրս գալ․ երեխայի համար վեճը՝ դատարանում

Քաղաքացիներ Նարինե Նիկողոսյանի և Էդիսոն Ադյանի միջև երեխայի խնամակալության իրավունքները ստանձնելու հարցի շուրջ դատական հերթական նիստի ժամանակ դատավոր Լևոն Ավետիսյանը կարծիք է հայտնել, թե Նիկողոսյանը փաստեր է թաքցնում:

Նիկողոսյանը պնդում է, որ Ադյանը, չլինելով իր երեխայի հայրը, ծննդաբերությունից հետո առևանգել է երեխային: Ադյանը, իր հերթին նշում է, որ Նիկողոսյանն է ասել, թե ինքն է հայրը, փաստաթղթերում իր անունն է նշել, և նույնիսկ եթե ԴՆԹ անալիզով ապացուցվի, որ դա այդպես չէ, ինքը մոտ երկու տարի երեխային պահելուց հետո չի պատրաստվում նրան որևէ մեկին հանձնել:

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ավետիսյանը կարծիք է հայտնել, որ Նիկողոսյանի «լեզվի տակ բան կա, որ նա չի ուզում ասել»:

Դատավոր․ Ես հորդորում եմ՝ ճիշտն ասել: Ի՞նչ շահ ունեիք, ասեք՝ ի՞նչ գործարք եք կնքել:

Նիկողոսյան. Ես ոչ մի գործարք չեմ կնքել, գործարք կնքել են Ադյանը և բժիշկ Կալուստյանը:

Դատավոր. Բժիշկն առյուծի սիրտ չէր կերել, որ նման բան աներ:

Նիկողոսյանի պաշտպան Անի Թորոսյան. Խնդրում եմ դատարանին դուրս գալ այն կանխավարկածից, թե Նիկողոսյանը գործարք է կնքել երեխային հանձնելու համար:

Դատավոր Ավետիսյան. Ես այդքան միամիտ չեմ, որ հավատամ, որ մայրը հենց այնպես քցել է երեխային:

Թեև Նիկողոսյանն իր ելույթում հայտարարել էր, որ ինքը չի իմացել, թե ստորագրում է որպես երեխայի հայր Էդիսոն Ադյանին ճանաչելու մասին փաստաթուղթը, դատավորը մի քանի անգամ հարցրել է. «Եթե չէիք ցանկանում երեխայի իրական հոր անունը գրել, քանի որ նա ամուսնացած է և վախենում էիք պրոբլեմներ ունենա, ինչու նշեցիք Ադյանին, չէ՞ որ նա ևս ամուսնացած է»: Նիկողոսյանը կրկին պնդել է, որ չգիտեր, թե ինչ էր ստորագրում։

Ձախից՝ Անի Թորոսյանը, աջից՝ Նարինե Նիկողոսյանը

1nikoghosyan

Նիկողոսյանի մյուսը պաշտպանը՝ Լեռնիկ Հովհաննիսյանը, ներկայացրել է իրենց բողոքը ընդդեմ քննիչ Առաքելյանի որոշման՝ երեխայի առևանգման փաստով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Հովհաննիսյանն ասել է, որ քննիչը չի կատարել երեք փորձաքննությունններից ամենակարևորը՝ ԴՆԹ փորձաքննությունը, պատշաճ կերպով չի կատարվել Նիկողոսյանի հոգեվիճակի մասին փորձաքննությունը, չի ուսումնասիրել երեխայի ծննդականները կեղծելու փաստը, չի վերծանել բջջային օպերատորներից ստացած հեռախոսազանգերի մասին տվյալները: Քննիչը նաև ոչինչ չի արել բժիշկ Հրաչ Կալուստյանի հետ կապ հաստատելու ուղղությամբ, որը ծանոթացրել է կողմերին և անմիջական կապ ունի գործի հետ: Ըստ փաստաբանի՝ քննչական անհրաժեշտ գործողություններն անելու դեպքում քննիչը կբացահայտեր, որ Էդիսոն Ադյանը սուտ ցուցմունքներ է տվել, և նրա խոսքերը արժանահավատ չեն:

Այսօրվա դատական նիստին ներկայացել էր նաև Էդիսոն Ադյանը: Նա միջնորդել է մասնակցել գործին, քանի որ քննարկվող հարցը իր անձին է վերաբերվում: Իր ելույթում Ադյանն ասել է, որ Նիկողոսյանը երբեք չի զանգել, չի հարցրել՝ ինչպես է երեխան:

«Ոնց պետք է (Նիկողոսյանը) երեխա պահի, դաստիարակի, ոչ տուն ունի, ոչ տեղ: Եկեք իմ պայմանները ստուգեք, ես ո՞նց եմ երեխա պահում»,- ասել է Էդիսոն Ադյանը:

Դատավորը, իր հերթին, Ադյանին խորհուրդ է տվել ԴՆԹ անալիզ հանձնել:

«Գնացեք, հանձնեք, Աստված տա, որ հիմնավորվի, որ ձեր երեխան է»,-ասել է Ավետիսյանը: