ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնից այսօր 15։15-ի սահմաններում ազատ է արձակվել Epress.am֊ի օպերատոր Տիգրան Հակոբյանը, ով երեկվանից մինչև այսօր առավոտ Բաղրամյան պողոտայում լուսաբանում էր Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվող նստացույցը։
Հակոբյանին առավոտյան 05։45-ի սահմաններում Ազատության հրապարակում տեսանկարահանումներ իրականացնելու ընթացքում սկսել են քաշքշել, գլխին հարվածել են մահակով, ոլորել ձեռքերը և, հայհոյելով, նստեցրել «Գազել» մակնիշի մեքենան՝ խլելով տեսանկարահանող սարքը։ Այդ ընթացքում Հակոբյանը մի քանի անգամ ասել է, որ լրագրող է ու տեսանկարահանում է իրականացնում, սակայն ոստիկանները ուշադրություն չեն դարձրել նրա խոսքերին։
Հակոբյանը պահանջել է հետ վերադարձնել սարքը. ոստիկաններից մեկը քիչ անց այն «Գազելի» պատուհանից նետել է մեքենայի մեջ, սակայն առանց չիփի, որը հետագայում էլ օպերատորին չի վերադարձվել։ Հակոբյանին տարել ոստիկանության Կենտրոնի բաժին, որից հետո տեղափոխել են Մալաթիայի բաժին։
Այնտեղ ավելի քան 3 ժամ անցկացնելուց հետո Հակոբյանին հարցաքննել են որպես վկա: Քննիչը նրան հարցրել է՝ արդյոք գիտի, ովքեր էին Բաղրամյան պողոտա բերել բարձրախոսները, ովքեր էին սուլում ակցիայի ժամանակ: Հակոբյանի հետ զրույցից հետո քննիչներն արձանագրել են, որ օպերատորը դեպքի վայրում ներկա է եղել որպես լրագրող և իրականացրել է իր գործառույթները:
Բերման ենթարկելու պահը․