Home / Տեսանյութեր / Կառավարությունը քննարկեց ՀԷՑ֊ը Կիպրոսում գրանցված ընկերությանը վաճառելու հարցը

Կառավարությունը քննարկեց ՀԷՑ֊ը Կիպրոսում գրանցված ընկերությանը վաճառելու հարցը

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում քննարկել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու որոշումը։

Համաձայն կառավարության կայքի՝ նման առաջարկով կառավարությանը դիմել է այս պահին ՀԷՑ֊ի սեփականատեր հանդիսացող ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ» ընկերությունը։ Քննարկման արդյունքում էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Արդարադատության նախարարին, Ֆինանսների նախարարին և Էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է եռօրյա ժամկետում ուսումնասիրել բոլոր փաստաթղթերը ու եզրակացություն ներկայացնել։

Համացանցում առկա տեղեկատվության համաձայն, «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությունը գրանցվել է Կիպրոսի Լարնակա քաղաքում 2010 թվականին, այն է՝ ՀԷՑ֊ը վաճառվելու է օֆշորային գոտում գրանցված կազմակերպությանը։ Ընկերության մասին այլ անվճար հասանելի տեղեկատվություն համացանցում չկա։

Նշենք, որ ՀԷՑ֊ը 250 միլիոն դոլարի պարտք է կուտակել, և, մամուլում ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն, «Ինտեր ՌԱՕ»֊ն ցանկանում էր վաճառել այն ռուսաստանյան գործարար Սամվել Կարապետյանին։