Գլխավոր / Տեսանյութեր / Ում է ՀՀ նախագահը զենքով պարգևատրել․ դատարանում պահանջում են ներկայացնել ողջ ցուցակը

Ում է ՀՀ նախագահը զենքով պարգևատրել․ դատարանում պահանջում են ներկայացնել ողջ ցուցակը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն տրամադրելու պարտավորեցման պահանջով հայց է ներկայացրել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի դեմ: Այսօր գործը քննվել է ՀՀ վարչական դատարանում։

Իրավապաշտպան կազմակերպությունն այս տարվա հունիսի 6-ին հարցում է կատարել ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել 1992-2015 թվականների ընթացքում ՀՀ նախագահի կողմից զենքով պարգևատրված անձանց և տրամադրված զենքերի նշանակության վերաբերյալ։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ցանկացել է տեղեկությունները ստանալ ըստ առանձին տարիների և անձանց: Որպես դիմումի հիմք իրավապաշտպան կազմակերպությունը նշել էր ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը՝ «յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից») և «Տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը՝ «Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը /կամ/ դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկատվությունը»։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդգծում է, որ հուլիսի 16-ի պատասխան գրությամբ ՀՀ նախագահի աշխատակազմը տեղեկատվությունը տրամադրել է մասնակիորեն (տրամադրվել է տեղեկատվություն միայն 1998-2015 թթ. զենքով պարգևատրված անձանց թվի վերաբերյալ)՝ պատճառաբանելով, որ պահանջվող տեղեկատվությունը պարունակում է անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ, որոնք, ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն, չի կարելի օգտագործել կամ տարածել առանց տվյալ անձանց համաձայնության:

«Այսպիսով՝ պատասխանողը հրաժարվել է տրամադրել ըստ առանձին տարիների զենքով պարգևատրված անձանց տվյալները, ինչպես նաև մինչև 1998 թվականը ՀՀ նախագահի կողմից զենքով պարգևատրված անձանց թվական տվյալները», ֊ նշում է կազմակերպությունը:

Այսօրվա նիստին պատասխանող կողմը ներկա չի եղել։ Ինչպես հաղորդում է Epress.am֊ի լրագրողը, դատավոր Արթուր Ավագյանը ներկայացրել է պատասխանողի այն պատճառաբանությունը, որն ավելի վաղ ներկայացվել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակին․ այն է՝ նման տեղեկատվության տրամադրումը խախտում է մարդու անձնական կյանքի գաղտնիության մասին օրենքը:

Իր հերթին, իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Սյուզանա Սողոմոնյանը դատարանին փաստեր է տրամադրել այն մասին, որ ՀՀ վարչապետի կողմից զենքով պարգևատրված անձանց անունները հրապարակվել են մամուլում:

Սողոմոնյանն ընդգծել է նաև, որ որևէ օրենքով չի սահմանվում, թե ՀՀ նախագահի կողմից զենքով պարգևատրված անձանց անունները չեն կարող հրապարակվել, իսկ վարչապետի կողմից զենքով պարգևատրված անձանց անունները կարող են։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից դատարանին փաստերը ներկայացվելուց հետո դատավորը որոշում է կայացրել ավարտել նիստը։ Ավագյանը նշել է, որ ներկայացրած փաստերը քննելուց հետո կողմերին կտեղեկացնի հաջորդ նիստի օրվա մասին։