Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներն աշնանը ստիպված են եղել խաղողի կիլոգրամը Քաղցրաշենի գինու գործարանին հանձնել անգամ 40 դրամով, սակայն մինչ օրս գումարները չեն ստացել։ Այսօր գումարները վճարելու պահանջով նրանք բողոքի ակցիա են անցկացրել նախ ՀՀ կառավարության շենքի, ապա նախագահական նստավայրի մոտ։ Կառավարությունում իրենց հանդիպել է գործադիր մարմնի նամակների և ընդունելությունների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը։
Epress.am֊ի հետ զրույցում քաղցրաշենցիները պատմել են, որ Ղազարյանը ոչ մի հստակ պատասխան չի տվել, և իրենք եկել են նախագահական ու իրենց բողոք֊դիմումը հանձնել։
Բողոքողների խոսքով՝ մթերման ընթացքում Քաղցրաշենի գինու գործարանի ղեկավարությունն անընդհատ իջեցրել է գինը։ Խաղողագործներից մեկը, ով ներկայացել է որպես Զաքար, ասել է, որ նույն հողատարածքից հավաքած խաղողն իրենից մթերել են նախ՝ 80, հետո՝ 70, ապա 40 դրամով։
«Ինչ ուզում է խոսենք, գործարանի ներսում՝ մթերման ժամանակ, խեղճանում ենք։ Վերջին անգամ խաղողը հանձնում էի, մթերողն ասաց՝ 50, ասեցի, որ քիչ է, ասաց՝ 40։ Ես էլ ասեցի՝ 50-ը լավ ա, պատասխանեց, թե մի բառ էլ ասես՝ ավտոն հետ կուղարկեմ։ Ես էլ ասեցի՝ ձեզ կնվիրեմ ավտո, երևի աղքատ եք։ Բայց 40-ից բարձր չգնահատեցին խաղողը, ու այդ գումարներն էլ մինչ էսօր չեն տվել», ֊ ասել է Զաքարը։
Ակցիայի մասնակիցները պատմել են նաև, որ գործարանի տնօրինությունից իրենց ասել են, թե գումարները հաջորդ տարի կտան՝ մարտ-ապրիլին։ Իրենց կնքած պայմանագրերում ժամկետներ նշված չեն եղել, նախապես գործարանից ասել են, թե «կտանք էլի»։ Գյուղացիները դիմել են Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, ով ասել է, թե գումարները կստանան դեկտեմբերի 15-ին։ Երբ այդ ժամկետն էլ անցել է, քաղցրաշենցիները որոշել են բողոքի ակցիա կազմակերպել Երևանում։
Խաղողագործներն ընդգծում են, որ թունաքիմիկատների գումարներ են պարտք, ու իրենց փող է հարկավոր պարտքերը վճարելու և նոր տարում աշխատանքները կազմակերպելու համար։ Խաղողագործների խոսքով՝ իրենք այսօր անելանելի վիճակում են հայտնվել, հույս ունեն, որ գոնե պետական մարմինները կաջակցեն իրենց խնդրի լուծման հարցում։
Նշենք, որ հայաստանյան մամուլի հրապարակումների համաձայն, Քաղցրաշենի գինու գործարանը պատկանում է պատգամավոր Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո)։