Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործներն այսօր փակել են գյուղի դպրոցի մուտքը՝ թույլ չտալով աշակերտներին մտնել շենք։ Այդ կերպ քաղցրաշենցիներն արտահայտել են իրենց բողոքը մթերված խաղողի դիմաց մինչ օրս գումարնեը չստանալու վերաբերյալ։ Epress.am-ի հետ զրույցում Քաղցրաշենի բնակիչ Զաքար Պետրոսյանն ասել է, որ գյուղացիները պատրաստվում են նույն քայլին դիմել նաև վաղը, եթե չստանան իրենց գումարները։
«Լիքը մարդիկ են հավաքվել գյուղում, միլիցայություն, քրեականից, բան։ Սաղ էլ ասել են՝ հարցին լուծում կտան։ Բայց մենք ասում ենք՝ վերջին զանգին էլ ենք տենց անելու»,- նշել է Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչները 2015 թվականի աշնանն առատ բերքի պայմաններում ստիպված են եղել խաղողի կիլոգրամը Քաղցրաշենի գինու գործարանին հանձնել անգամ 40 դրամով, սակայն մինչ օրս գումարները չեն ստացել։ Նրանք պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացրել ՀՀ կառավարության շենքի և նախագահական նստավայրի մոտ։ Գյուղացիների հավաստմամբ՝ գործարանի տնօրինությունից իրենց ասել էին, թե գումարները կտան 2016 թվականի՝ մարտ-ապրիլ ամիսներին։ Քաղցրաշենում խաղողը մթերել էր «Վինար» գործարանը, որի սեփականատերը ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն է։