Ուրբաթ՝ օգոստոսի 26-ին, «Զվարթնոց» օդանավակայանում բերման ենթարկված Ռուսաստանի քաղաքացի 30-ամյա Սերգեյ Միրոնովը 2016 թվականի մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների կողմից։ Այս մասին հաղորդում է ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքը։
Միրոնովը, համաձայն պաշտոնական հաղորդագրության, հետախուզվում էր ԱՄՆ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, մասնավորապես՝ նրան կասկածում են փողերի լվացման և զենքի ապօրինի առևտրով զբաղվելու մեջ:
Ձերբակալվածի կինը՝ Յուլիա Միրոնովան, «Ազատության» հետ զրույցում, կարծիք է հայտնել, որ ամուսինը պատահածի հետ կապ չունի և Միացյալ Նահանգները ցանկանում են նրանից ինչ-որ տեղեկություն ստանալ։
Կնոջ խոսքով՝ Միրոնովն աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող բելառուսական «Սինեզիս» ընկերությունում որպես տեսատեխնոլոգիաների բաժնի ղեկավար:
«Իմ ամուսինը Ռուսաստանում զբաղվում է տեսանյութերի վերլուծությամբ, և այդ ծրագիրը ապահովում էր Մոսկվայում գտնվող խոշորագույն օբյեկտների՝ մետրոպոլիտենի, երկաթուղու անվտանգությունը: Այսինքն՝ այնպիսի օբյեկտների անվտանգությունը, ուր մարդկանց մեծ կուտակում կա: Այդ ծրագրի նպատակը անվտանգության ապահովումն է, և ես ենթադրում եմ, որ, միգուցե, ԱՄՆ-ում ցանկանում են իմ ամուսնուց ինչ-որ տեղեկություն ստանալ, և նրանց լուրջ հիմք է հարկավոր, որպեսզի իմ ամուսնուն տեղափոխեն Միացյալ Նահանգներ: Կարծում եմ՝ այստեղ նաև քաղաքական համատեքստ կա: Այլ բացատրություն չունեմ: Ամուսինս ընդամենը մեկ անգամ է եղել ԱՄՆ-ում՝ մեկ շաբաթով, Սան Ֆրանցիսկոյում ուսման է եղել», – ասել է Միրոնովան:
Կինը նշել է, որ իրավապահներն իրեն ասել են, թե ամուսինը որոնվում է «Ինտերպոլ»-ի կողմից, սակայն ամուսինները որևէ նման նամակ իրենց տան հասցեի վրա չեն ստացել և մինչ այս երկրից-երկիր տեղափոխման հետ կապված որևէ աչգելք չեն ունեցել։ Ամուսինները Հայաստան էին եկել հանգստանալու նպատակով։
Միրոնովի շահերը պաշտպանում են ռուսաստանցի փաստաբան Կարեն Ներսիսյանը և հայաստանցի փաստաբան Վրեժ Խաչիկյանը: