Home / Հայաստան / ԱՄՆ-ի կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացին հայաստանյան դատարանի դահլիճից ազատ արձակվեց

ԱՄՆ-ի կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացին հայաստանյան դատարանի դահլիճից ազատ արձակվեց

«Զվարթնոց» օդանավակայանում ուրբաթ՝ օգոստոսի 23-ին, բերման ենթարկված Ռուսաստանի քաղաքացի 30-ամյա Սերգեյ Միրոնովը ազատ է արձակվել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից։

Օգոստոսի 29-ին կայացած դատական նիստին դատավորը Մնացական Մարտիրոսյանը դատախազության միջնորդությունը՝ Միրոնովին ժամանակավորապես կալանավորելու վերաբերյալ, անհիմն է համարել և մերժել։

Միրոնովի վրայից մեղադրանքները հանվել են, սակայն նա դեռևս 40 օր կմնա Հայաստանում, որից հետո նոր կարող է մեկնել Ռուսաստանի Դաշնություն:

Հիշեցնենք, որ Միրոնովը, համաձայն ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, 2016 թվականի մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների կողմից։ Նրան կասկածում էին փողերի լվացման և զենքի ապօրինի առևտրով զբաղվելու մեջ: Միրոնովը կնոջ խոսքով՝ իրենք եկել էին Հայաստան հանգստանալու նպատակով։