Home / Բանակ / Առողջական խնդիրների պատճառով զորացրվածին հաշմանդամության կարգ չեն տալիս․ asparez.am

Առողջական խնդիրների պատճառով զորացրվածին հաշմանդամության կարգ չեն տալիս․ asparez.am

Գյումրեցի 19-ամյա Սարգիս Տանաշյանը 2015 թվականի հուլիսին մեկնել է բանակ, սակայն այնտեղ առողջական լուրջ խնդիրներ ձեռքբերելով՝ զորացրվել է։ Ծնողների խոսքով, սակայն, Սարգիս Տանաշյանին բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը հաշմանդամություն ունեցող չի ճանաչում։ Այս մասին գրում է Asparez.am-ը։

Կայքի հետ զրույցում զինվորի հայրը՝ Խորեն Տանաշյանը, նշել է, որ որդու մոտ հիվանդությունները սկսել են արդեն ծառայության առաջին ամսում և ծառայության ամբողջ ընթացքը անցկացրել է Ստեփանակերտի և Երևանի զինվորական հոսպիտալներում:

«Էրեխեն անընդհատ ցնցման մեջ կընկնի, երբ քրտնում է, ցնցման մեջ է ընկնում: Մոտը ներվային խախտումներ են առաջացել․․․ պրիսյագին, որ գնացինք` սապոկը վնասել էր ոտքի կոճիկը: Էրեխես ոտը գետին չէր կրնա դներ: Ճնշումն անընդհատ կելներ», – պատմել է հայրը։

Երիտասարդը վիճակահանությամբ ծառայությունը պետք է անցկացներ Ջեբրայիլում, սակայն մոր՝ Լալա Ստեփանյանի խոսքով՝ տղայի գնալուց մեկ շաբաթ անց իրենց տեղեկացրել են, որ որդին հոսպիտալում է․ «Մեկ ամիս հետո հիվանդությունը գնալով բարդացավ: Ջերմությունը կելներ, չէր իջնի, տղայիս առողջ ուղարկեցի բանակ, հիվանդ ետ ուղարկեցին: Ես իմ առողջ տղային եմ ուզում»:

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչությունից Լալա Ստեփանյանին գրավոր պատասխանել են, որ 2015 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Սարգսի մոտ ախտորոշվել են ստամոքսի բազմաթիվ խոցեր: 15 օր ստացիոնար բուժում ստանալուց հետո վերադարձել է զորամաս:

2016 թվականի մարտի 31-ին տրված հիվանդության վկայագրի համաձայն, Սարգիս Տանաշյանի մոտ ախտորոշվել է ընդհանուր թուլություն, գլխացավ, սրունք-թաթային հոդերի այտուցվածություն, մեզի գույնի փոփոխություն, ողնաշարի գոտկային հատվածի ցավեր: Համալիր բժշկական հետազոտությունից հետո ռազմաբժշկական հանձնաժողովը հաստատել է, որ Սարգսի հիվանդությունները զարգացել են զինվորական ծառայության ընթացքում:

Ռազմաբժշկական հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ` Սարգիս Տանաշյանը խաղաղ պայմաններում ծառայության համար ճանաչվել է անպիտան, իսկ պատերազմական իրավիճակներում` կարող է սահմանափակ ծառայություն իրականացնել:

Asparez.am֊ը նշում է՝ Տանաշյանների ընտանիքն ապրում է սոցիլապես ծանր պայմաններում։ Ընտանիքում բոլորը գործազուրկ են և միակ եկամուտը թոշակը և նպաստն է։

Բազմանդամ ընտանիքը՝ մայրը, հայրը, երկու որդիները և անչափահաս երկու դուստրերն արդեն 21 տարի ապրում են կիսախարխուլ տնակում, սակայն ընտանիքն մինչև այժմ անօթևանության կարգավիճակ չունի:

tanashyan-6

Բացի Սարգիս Տանաշյանից, նշում է կայքը, ընտանիքի մյուս անդամները նույնպես ունեն առողջական խնդիրներ։ Հաշմանդամության կարգ ունի Լալա Տանաշյանը և ավագ որդին` Հովհաննեսը Տանաշյանը: Վերջինս ունի տեսողության հետ խնդիրներ։

Կայքը նշում է նաև, որ օրեր առաջ՝ նոյեմբերի 14-ին, Հովհաննես Տանաշյանը ավտովթարի էր ենթարկվել․ «Օպել վեկտրա մակնիշի մեքենան բախվել էր Հովհաննես Տանաշյանի մոտոցիկլետին: 21-ամյա Հովհաննեսը գտնվում է Գյումրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Առողջական վիճակը միջին ծանրության է»։