Home / Դատարան / Իշխանությունները Խորենացի փողոցի գործով մեղադրյալներին խաբել են․ փաստաբան

Իշխանությունները Խորենացի փողոցի գործով մեղադրյալներին խաբել են․ փաստաբան

Հուլիսի 20-ին Խորենացի փողոցում կայացած բողոքի ակցիայի գործով կալանավորված Սոսո Մարգարյանը, Գագիկ Միքայելյանը, Արսեն Մկրտումյանն այսօր մեղավոր են ճանաչվել զանգվածային անկարգություններ կատարելու մեջ և դատապարտվել 3֊ական տարվա ազատազրկման: Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է Սոսո Մարգարյանի փաստաբան Արա Զաքարյանը։

Գործը քննվել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթում։

Արա Զաքարյանն ասել է, որ իր պաշտպանյալը և մյուսները «հարկադրաբար» ընդունել են մեղադրանքը, քանի որ իշխանությունները խոստացել էին, որ այդ դեպքում նրանց նկատմամբ պատիժը պայմանական չի կիրառվի։

«Սակայն հերթական անգամ այդ խոստումը չկատարվեց», ֊ ասել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ քանի որ մեղադրանքն ընդունելուց հետո գործը քննվել է արագացված կարգով, որևէ փաստեր չեն ուսումնասիրվել․ «Այսպես, չի ուսումնասիրվել ոչ նախաքննության ընթացքում կատարված խախտումները, ոչ հուլիսի 20-ին Ոստիկանության կատարած ապօրինի գործողությունները»։

Սոսո Մարգարյանի հայրը Իշխան Մարգարյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ բոլոր տղաներն էլ գնացել են Խորենացի՝ «կանխելու համար արյունահեղությունը»։

Ըստ մեղադրանքի՝ նրանք քարեր էին շպրտել ոսատիկանների վրա, սակայն հատկանշական է, որ գործում չկա որևէ տուժող։ Փաստաբանի խոսքով՝ արագացված ընթացակարգ պարտադրելով նաև իշխանությունները ցանկացել են կանխել դատապարտվածների՝ հետագայում Եվրոպական դատարան դիմելը։