Home / Ազգային ժողով / Պատգամավորն աշխատողներին ստիպում է վերագրանցվել իր ընտրատեղամասում․ Փաշինյան

Պատգամավորն աշխատողներին ստիպում է վերագրանցվել իր ընտրատեղամասում․ Փաշինյան

Քաղաքացիներից բազմաթիվ նամակներ են ստացվում, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանն իրեն պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի աշխատողներին ստիպում է դուրս գալ գրանցումից և վերագրանցվել այն ընտրատարածքում, որտեղ ինքն է առաջադրվելու։ Այս մասին այսօր ԱԺ քառօրյա նիստում հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Պատգամավորն այս հարցին է անդրադարձել, երբ ներկայացնում էր բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրներն ուսումնասիրելու համար ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու իր առաջարկը, որը նախորդ շաբաթ մերժվել էր պետաիրավական հանձնաժողովի կողմից:

«Մեզ համար ընտրական և ընդհանրապես քաղաքական պրոցեսն առաջին հերթին քաղաքական բովանդակության և մեխանիզմների քննարկման հարթակ է և ոչ թե պասպորտների քսերոքսներ հավաքելու գործընթաց։ Ի դեպ, պարոն Արտակ Սարգսյան, ես հիմա բազմաթիվ նամակներ եմ ստանում, որոնց հեղինակները ահազանգում են, որ դուք «ՍԱՍ» սուպերմարկետների աշխատողներին ստիպում եք դուրս գալ գրանցումից և վերագրանցվել այն ընտրատարածքում, որտեղ դուք եք առաջադրված։ Ես ձեր անունը տվեցի, որ դուք հարավորություն ունենաք գրանցվել և պարզաբանել, թե ինչքանով են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է ունենան ամբողջական տեղեկություններ վերջին 20 տարում Հայաստանի պետական ունեցվածքի մասին․ «Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա մի հարցի պատասխան, թե ինչո՞ւ 25 տարվա պետականությունն ունի ընդամենը 2.7 միլիարդանոց բյուջե, և Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, չի կարողանում բավարարել իր ամենակենսական կարիքները, իսկ միևնույն ժամանակ ՀՀ բազմաթիվ պաշտոնյաներ լողանում են հարստության մեջ»։

Նիստերի դահլիճից դուրս գալուց հետո Արտակ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Փաշինյանի տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Նշենք, որ Արտակ Սարգսյանը 2012 թվականին ընտրվել է մեծամասնական ընտրակարգով Արաբկիրից։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին նա կրկին պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը։